Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ երկրորդ սերը՝ կնոջիցս հետո, լուսանկարչությունն է»

Ապրիլ 29,2015 10:43

Հարցազրույց լուսանկարիչ Արթուր Լումեն Գեւորգյանի հետ

-Ինչո՞ւ ընտրեցիք լուսանկարչի մասնագիտությունը:

-Ընտրել լուսանկարչությունը, ես ցանկացա ֆոտոխցիկս օգտագործել որպես միջոց՝ մարդկանց արվեստի մի մասը դարձնելու համար: Մենք ստեղծում ենք այն, ինչ տեսնում ենք, մարդիկ եւս բացառություն չեն: Արվեստի ամենահզոր գլուխգործոցների հեղինակները հենց նրանք են՝ մարդիկ:

-Ինչո՞վ է պայմանավորված «Լումեն» կեղծանունը:

-Ինչպես շատերը գիտեն, lumen-ը լույսի չափման միավորն է: Տարիներ առաջ, երբ զբաղվում էի լուսանկարչական դիզայներական աշխատանքով, ծնվեց lumen-ի գաղափարը, որպես ընկերության անվանում: Հետագայում, երբ դիզայներական աշխատանքներին հրաժեշտ տվեցի, lumen-ը կապվեց իմ անվան հետ եւ դարձավ նաեւ իմ լոգոն:

Gevorgyan_2

-Ո՞ւմ է հաճախ ֆիքսում Ձեր ֆոտոխցիկը:

-Շատ հաճախ ֆոտոխցիկս կանգ է առնում կնոջս՝ Անժելայի կերպարի բացահայտմանը: Իմիջիայլոց, լուսանկարել մեկին մշտապես, բացահայտել նրան տարբեր կերպարներում, այդքան էլ հեշտ չէ: Կնոջս դեպքում խնդիրն այլ է, ես նրան ցանկանում եմ բացահայտել բոլոր իրավիճակներում: Ֆոտոխցիկս տալիս է ինձ այդ հնարավորությունը…

-Ինչի՞ն եք հաճախ ուշադրություն դարձնում լուսանկարելիս:

-Նախեւառաջ ֆոտոխցիկի ուշադրության կենտրոնում լույսն է: Երբեմն դժվար է լինում լույսը կենտրոնացնել օբյեկտի վրա: Լուսանկարն առանց լույսի նույնն է, ինչ ներկն առանց վրձնի:

-Ո՞րն է Ձեր առաջին լուրջ ձեռքբերումը:

-Առաջին լուրջ հաջողությունս 2011 թվականի «Maroon 5» խմբի միջազգային ֆոտոմրցույթն էր, որը անցկացվել էր սիրո թեմայով: Ես, ներկայացնելով կնոջս դիմանկարը ջրի կաթիլներով, առանձնացա մրցույթին դիմած մասնակիցներից: Հաղթանակն ինձ համար անակնկալ էր, բայց եւ շատ հաճելի, քանի որ հայտնվել էի մրցակցության մեջ թուրք լուսանկարչի հետ:

– Ունեք բազմաթիվ լուսանկարներ: Ո՞ր լուսանկարն եք ամենից շատ սիրում:

-Լուսանկարներիցս յուրաքանչյուրն ունի պատմություն: Շատ եմ սիրում հատկապես «Անսպասելի համբույր» լուսանկարը: Այն ունի շատ զավեշտալի ու հետաքրքիր նախապատմություն, լուսանկարել եմ Բրատիսլավայում, երբ մի փողոցային աճպարար զվարճացնում էր երեխաներին, հետո երեխաների դայակը աճպարարին ասաց, որ դադարեցնի, քանի որ նրանք տուն պետք է վերադառնային, այդ ժամանակ աճպարարը դիմախաղով եւ ձեռքի շարժումներով բացատրեց կնոջը, որ թույլ տա համբուրել կնոջը: Կինը մոտեցրեց այտը, աճպարարը համբուրեց եւ խնդրեց կնոջը, որպեսզի նա էլ իրեն համբուրի եւ դեմ տվեց այտը: Կնոջ համբուրելու ժամանակ աճպարարը խորամանկեց եւ շրջեց դեմքը, որպեսզի շրթունքներով համբուրի կնոջը: Այդպես էլ աճպարարը չհասցրեց համբուրել կնոջը, սակայն ֆոտոխցիկս կարողացավ ֆիքսել այդ ամբողջ պահը ու ես համարեցի այս ֆոտոն իմ ստացված լուսանկարներից մեկը:

-Լումե՛ն, ի՞նչ եք կարծում՝ զարգացա՞ծ է լուսանկարչությունը Հայաստանում:

-Լուսանկարչությունը կամաց-կամաց զարգանում է Հայաստանում, հիմա բոլորը ֆոտոխցիկ ունեն, նկարում են… Բայց, եթե հարցին նայենք գլոբալ տեսանկյունից, ապա Հայաստանում դեռեւս զարգացած չէ լուսանկարչությունը: Եվ չեմ կարող չփաստել, որ Հայաստանում գրեթե չկան լուսանկարչական սրահներ, պատկերասրահներ: Եթե լինեին վայրեր, որտեղ կցուցադրվեին լուսանկարներ, ինչ խոսք, դա մեծ առավելություն կլիներ մեր երկրի համար: Այժմ ես պարզապես երջանիկ եմ, որ տեսնում եմ երիտասարդները շատ ավելի են հետաքրքրվում լուսանկարչությամբ եւ ձգտում են ավելի խորը ուսումնասիրել արվեստի այս ճյուղը: Հույս ունեմ, որ օրերից մի օր լուսանկարչության բնագավառում Հայաստանը կունենա իր ուրույն տեղն ու ասելիքը: Ես երջանիկ եմ ու երբեք չեմ ափսոսում, որ ընտրել եմ հենց այս մասնագիտությունը: Ավելին ասեմ՝ կյանքում իմ երկրորդ սերը, կնոջիցս հետո, լուսանկարչությունն է, ես ապրում եմ դրանով: Բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են առաջին քայլերն անել այս ասպարեզում, խորհուրդ կտամ միայն, որ երբեք չհիասթափվեն ու շարունակ լուսանկարել այն ամենը, ինչ իրենց շրջապատում է: Միշտ հիշեք՝ աշխատասիրությունը հաջողության գրավականն է:

ԼԻԼԻԱՆԱ ՕՍԻՊՅԱՆ

Լուսանկարները՝
ԱՐԹՈՒՐ ԼՈՒՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից

Արթուր Լումեն Գեւորգյանի լուսանկարը՝ Մարկ Սերիի

«Առավոտ» օրաթերթ
28.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Sona says:

    Իմ առաջին ուսուցիչ ու միակ ուսուցիչ, ամենալուսանկարիչը Հայաստանում…. Մարդ’ ում շնորհիվ կարելի է սովորել լուսանկարչությունն իր գաղտնիքներով : Խորհուրդ կտամ բոլոր սկսնակ լուսանկարիչներին առաջին քայլերը սկսել հենց’ Artur Lumen Gevorgyan -ի մոտ :

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930