Արմավիրի մարզի Արշալույս գյուղում հայտնի խաչքարագործ Ռուբեն Նալբանդյանի արհեստանոցում գրեթե ամեն օր կյանք են ստանում նոր խաչքարեր, որոնք հիմնականում կանգնեցվում են Ցեղասպանության անշիրիմ զոհերի հիշատակին:
Օշականի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում կանգնեցված տառերը Ռուբեն Նալբանդյանի ձեռքի գործերն են: Նրա աշխատանքները սփռված են աշխարհի հայաշատ բնակավայրերում:
Այժմ վարպետը ցանկանում է բացել դպրոց, որտեղ նոր սերունդը կսովորի հայկական զարդանախշեր քանդակել:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր իր՝ Արմավիրի մարզ կատարած աշխատանքային շրջայցի շրջանակներում եղավ նաև Ռ. Նալբանդյանի արհեստանոցում և վստահեցրեց, որ նախարարությունը կսատարի նրա՝ խաչքարագործության դպրոցի ստեղծման նախաձեռնությանը:
Կարդացեք նաև
«Վարպետ Ռուբենի՝ դպրոց ստեղծելու գաղափարը շատ եմ կարևորում: Այստեղ երեխաները նկարել կսովորեն, կծանոթանան հայկական զարդանախշերի արվեստին, իսկ դրանից հետո կկարողանան իրենց ձեռք բերած գիտելիքները գործնականում կիրառել»,- ասաց Հասմիկ Պողոսյանը:
Ի դեպ, Արմավիրի մարզի մշակույթի զարգացման, ինչպես նաև երկարամյա արդյունավետ գործունեության համար, Հ. Պողոսյանն ավելի քան հազար խաչքարերի հեղինակ Ռուբեն Նալբանդյանին պարգևատրեց ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ