«Արդեն խախտումներին նույնիսկ չենք էլ արձագանքում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը:
Նրա խոսքերով՝ կուսակցության կողմից միամտություն կլինի Լեռնային Ղարաբաղում ակնկալել առանց խախտումների խորհրդարանական ընտրություններ. «Մենք գիտեինք այս ամենի մասին, եւ իմանալով հանդերձ մենք մասնակցում ենք ընտրություններին՝ հուսալով վերջնական արդյունքի վերահսկողություն սահմանել եւ ունենալ լավ արդյունքներ»:
Ղարաբաղյան իշխանական կուսակցությունները Aravot.am-ի հետ զրույցում բազմիցս հայտարարել են, որ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը անհիմն հայտարարություններ է անում, հետաքրքրվեցինք, թե պարոն Խանումյանը ինչպե՞ս է մեկնաբանում իշխանական կուսակցությունների այդ տեսակետը. «Մենք դիմել ենք դատախազությանը, կոնկրետ պաշտոնյաների անուններ ենք հնչեցրել հեռուստաեթերով, կոնկրետ դեպքեր ենք ասել: Մինչեւ այսօր դատախազությունից ոչ մի ձայն չկա, մենք լրատվամիջոցներով հստակ անուններ ասել ենք, սա բավարար հիմք է, որպեսզի ընդունեն հաղորդում հանցագործության մասին, մնում է, որ համապատասխան քննություններ անցկացնեն: Սակայն նախկին ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ ընտրություններից հետո են մեկ-երկու բառով արձագանքում եւ սովորաբար, կարճում են: Ամիսներ շարունակ զրպարտություններ է կատարում իշխանություններին մոտ կանգնած լրատվամիջոցը, բայց կրկին դատախազությունից ոչ մի լուր չկա: Չեմ ուզում կենտրոնանալ ընտրախախտումների վրա, դրանք միշտ եղել են, այս իշխանությունների որակների պայմաններում միշտ էլ լինելու են: Մենք ուրիշ նպատակ ունենք, մեր նպատակն է վերահսկել վերջնական արդյունքը եւ քաղաքական դաշտի որակը բարձրացնել»:
Հայկ Խանումյանը հավելեց, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խորհրդարանական ընտրությունների ընթացքում «Ազգային վերածնունդ» կուսակցությունը մեծ հնարավորություններ ունի. «Մենք փորձելու ենք, քանզի մեր գործունեությունը համակարգային ընդդիմության տեսքով ենք պատկերացնում: Մենք փորձելու ենք քաղաքական համակարգի որակը բարձրացնել»:
Կարդացեք նաև
Նա կասկած չունի, որ խորհրդարանական ընտրությունների օրը՝ մայիսի 3-ին տարատեսակ ընտրախախտումներ կատարելու փորձեր են լինելու. «Իշխանական կուսակցությունների որակները, նախագահի որակը դա է ցույց տալիս: Տարիներ շարունակ այդ մարդիկ աթոռին են կառչած եւ հանուն այդ աթոռի պատրաստ են ամեն ինչ անել՝ թե՛ կաշառել, թե՛ վախեցնել, թե՛ սպառնալ, թե՛ ընտրախախտումներ կատարել: Խնդիրն այն է, թե հասարակությունն ինչքանով կկարողանա պատրաստ լինել դիմակայել այս իշխանությունների կողմից առաջադրված մարտահրավերներին»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Դուք արդեն ձեզ պարտված եք ճանաչում և նախորոք արդարացնում եք ձեր պարտությունը՝եթե ընտրությունները չկեղծեին 1.5 տոկոս ձայն կստանաինք,բայց որ կեղծել են 0.5 տոկոս ենք ստացել: