Ինչպես հայտնի է՝ երեկ միջադեպ էր տեղի ունեցել Ամասիայի տարածաշրջանի Ողջի գյուղում. Վալերի Գրիգորյանը դանակահարել էր իրենց հարեւաններին՝ 46-ամյա Յուլյա Ազարյանին եւ նրա հիվանդ հորը՝ 84-ամյա Մաքսիմ.Ազարյանին: Գյուղապետ Հրաչիկ Մանուկյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նրանք ոչ միայն հարեւաններ են, այլ խնամիներ. Յուլյայի քույրն ամուսնացած է Վալերի Գրիգորյանի եղբոր հետ, որոնք սակայն Ռուսաստանում են բնակվում:
Ըստ գյուղապետի, կռվի ոչ մի լուրջ պատճառ չկա: Ազարյաններն անընդհատ վիճաբանության մեջ են հարեւանների հետ, բողոքում են, թե կովերին, ոչխարներին մեր դռներով մի տարեք կամ ինչո՞ւ են ձեր երեխանները մեր պատուհաններին նայում, ջուր մի տարեք մեր դռներով եւ այլն: «Իրենց շարքի վրա 5 հարեւան կա, հինգի հետ էլ անընդհատ կռիվ -դավու մեջ են, ձմեռը մի քիչ, ամառը ավելի շատ, քանի որ դրսում նստած են: Վալերիկը 30 անց հաշմանդամ, կույր տղա ունի, անգամ նրան են ձեռ առնում: Ես Ազարյանների ընտանիքի հետ անընդհատ բացատրական աշխատանքներ եմ տարել, հնար չկա.. երկուսն էլ Բաքվից են», -ասաց գյուղապետը:
Մենք տեղեկացանք, որ Յուլյա Ազարյանը անընդհատ, տարբեր բողոքներ է ներկայացնում Շիրակի մարզի դատախազություն ու ոստիկանություն՝ գրեթե բոլոր հարեւանների դեմ: 2013 թվականին նա դարձյալ կոնֆլիկտ է ունեցել Վալերի Գրիգորյանի հետ, միմյանց ծեծել են, ու գործը ընկել է դատարան, համաներմամբ ազատ են արձակվել: Յուլյա Ազարյանը մի անգամ էլ բողոք է ներկայացրել մյուս հարեւանի` Սիսակյանի դեմ առ այն, թե վերջինս տանը զենքեր է պահում, բայց խուզարկության արդյունքում պարզել են, որ տեղեկությունը կեղծ է: Վերջինս մի անգամ էլ առիթ է ունեցել պառկել Ամասիայի հիվանդանոցում դարձյալ հարեւանների հետ կռիվ մղելիս: Նույնիսկ կռիվ են մղել բահի կոթով:
Ինչեւէ, ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության. «Ապրիլի 27-ի առավոտյան ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Շիրակի մարզի Ողջի գյուղի բնակչուհի Յու. Ազարյանը եւ նրա հայրը՝ Մ.Ազարյանը։ 46-ամյա կնոջ մոտ ախտորոշվել է «երկու կրծքագեղձերի, ձախ նախաբազկի միջին երրորդի դրսային մակերեսի կտրած-ծակած չթափանցող վերք» վնասվածք, իսկ 84-ամյա Մ.Ազարյանի մոտ՝ «ձախ կիսաազդրային շրջանի արյունահոսող կտրած-ծակած չթափանցող վերք» վնասվածք։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր»:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ