Երևանից 35 կմ հարավ-արևմուտք՝ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղից ոչ հեռու գտնվող «Մեծամոր» պատմամշակութային արգելոց-թանգարանը շենքային պայմանների բարելավման կարիք ունի:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր իր՝ Արմավիրի մարզ աշխատանքային շրջայցի շրջանակներում եղավ նաև արգելոց-թանգարանում, ծանոթացավ այնտեղ ցուցադրված նմուշներին, թանգարանի խնդիրներին, որոնց լուծման դեպքում «Մեծամոր» թանգարանը նույնպես կարող է դառնալ զբոսաշրջության կենտրոններից մեկը:
«Հնավայրը մշտական ուսումնասիրության խնդիր ունի: Մշտական, որովհետև այնտեղ ներկայացված են գրեթե բոլոր պատմական շրջանները, այսինքն՝ հայ քաղաքակրթության ողջ պատմությունը»,- ասաց Հ. Պողոսյանը՝ ընդգծելով, որ այս պահին մշակման փուլում գտնվող Հնագիտության ազգային ծրագրում կարևոր առաջնահերթություն ունեցող խնդիրներից մեկը կդառնա «Մեծամոր» պատմամշակութային արգելոց-թանգարանի շենքային պայմանների բարելավումը և շրջակա տարածքում անհրաժեշտ ենթակառույցների ստեղծումը:
Կարդացեք նաև
Անբարեկարգ վիճակում են նաև թանգարան բերող ճանապարհները: Նախարարը նշեց, որ սկզբում ուշադրություն կդարձնեն թանգարանային պայմանների բարելավմանը, որից հետո նոր կմտածեն ճանապարհների մասին:
Նշենք, որ արգելոց-թանգարանի առաջին հարկում ցուցադրվում են ամրոցում և դամբարանադաշտում հայտնաբերված նյութերը, որոնք վերաբերում են վաղ բրոնզից մինչև ուշ միջնադարին: Երկրորդ հարկում ներկայացված են հնագույն Մեծամորի արհեստներն ու ծեսերը: Նկուղային հարկում գտնվում է հատուկ զետեղարանը, ուր ներկայացված են Վանի թագավորության շրջանի ոսկե, արծաթե, սաթե, կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված եզակի մշակութային արժեքներ:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Աշոտ Փիլիպոսյանի տեղեկացմամբ՝ այս տարի լրանում է Մեծամոր հնավայրի պեղումների 50 և թանգարանի հիմնադրման 45-ամյակը: Այդ առթիվ սեպտեմբերի վերջերին արգելոց-թանգարանում տեղի կունենա միջազգային գիտաժողով, որին կմասնակցեն մասնագետներ Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Թուրքիայից և այլ երկրներից:
«Գիտաժողովին իրենց աշխատանքները կներկայացնեն հնագետներ, որոնք տարիներ շարունակ աշխատել են այստեղ, ունեն ներկայացնելու որոշ նյութեր, որոնք կեսդարյա պեղումների արդյունքում կամ թանգարանում են գտնվում կամ էլ աշխատանքային փուլում են: Գիտաժողովին մասնակցելու են գիտնականներ, որոնք ճանաչում են հուշարձանը, գիտեն դրա արժեքը և օգտագործում են իրենց հրապարակումներում՝ որպես պատմամշակութային զուգահեռ: Գիտաժողովը կամփոփի նաև թանգարանի կեսդարյա աշխատանքը և կնախանշի աշխատանքային նոր ուղիներ»,- ասաց Աշոտ Փիլիպոսյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ