Այսօր` ապրիլի 28-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացավ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի երկրորդ՝ «Գյուլունյա» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Միջոցառմանը ներկա էին քաղաքական, մշակութային գործիչներ, ներկա եւ նախկին պատգամավորներ, անձամբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Գյուլունյան», որի վրա Մարգարիտ Եսայանն աշխատել է 5 տարի, 1915 թվականի Հայոց եղեռնը վերապրած կնոջ եւ նրա ընտանիքի պատմությունն է:
Կարդացեք նաև
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Մարգարիտ Եսայանը, այն 120 էջանոց վեպ , գեղարվեստական գործ՝ ցեղասպանության ոդիսականն ապրած ընտանիքի մասին, թե ինչպես են կարողացել փախչել Բուլղարիա, Հունաստան, հետո ներգաղթի ծրագրով հայրենադարձվել Խորհրդային Հայաստան: «Սա հոգեբանական գործ է, կռիվ, արյուն եւ յաթաղան չկա գրքում, իրական հերոսներ են, ի դեպ, այդ հերոսների ժառանգները դահլիճում են: Իմ ամուսնու՝ Լեւոն Եսայանի տատիկի անունն է Գյուլունյան: Այդ անունը հայերեն թարգմանաբար Վարդուհի է նշանակում եւ իմ ավագ դստեր անունն էլ Վարդուհի է: «Գյուլունյայում» բացարձակ իրական հերոսներ են եւ իրական պատմություն է, կարծում եմ ընթերցողին դուր կգա, քանի որ ավելի շատ ապրումների եւ հոգեբանական վիճակի մասին է, ցեղասպանությունն ինչպիսի հոգեբանական ազդեցություն է թողել այն տեսած մարդկանց վրա»,-հայտնեց գրքի հեղինակը:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը կարեւորեց այս գրքի ծնունդը: Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին էլ գիրքը դուր էր եկել, քանի որ այնտեղ իրեն հոգեհարազատ կոլորիտ էր տեսել՝ հայրենադարձերի հետ կապված: Մարգարիտ Եսայանը նշեց, որ գիրքը մշակույթի նախարարության աջակցությամբ նաեւ անգլերեն կհրատարակվի:
Շնորհանդեսին ելույթ ունեցավ «Վիգեն եւ ընկերներ» համույթը, միջոցառման ավարտին թանգարան-ինստիտուտը հյուրերի համար շրջայց կազմակերպեց:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ