Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ֆրանսիացի իրավապաշտպանը՝ Հայոց ցեղասպանության մասին. «Մենք պետք է անընդհատ պայքարենք»

Ապրիլ 28,2015 21:44

Եվրոպական հակառասիստական ԷԳԱՄ կազմակերպությունը ապրիլի 24-ին մասնակցել է Ստամբուլում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հիշատակման արարողությանը: Կազմակերպության նախագահ Բենջամին Աբթանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ համարում է՝ պայքարել ռասիզմի դեմ նշանակում է պայքարել ցեղասպանության դեմ:

«Հայոց ցեղասպանության հարցը հատուկ է. Թուրքիայի պես հզոր պետությունը արդեն մեկ դար է ժխտում է դա եւ Հայոց ցեղասպանության ժխտումը դրել է իր կրթության եւ դիվանագիտության կենտրոնում: Դա նշանակում է, որ պետությունը այդքան էլ ժողովրդավարական չէ. Ճնշում է գործադրվում խոսքի ազատության վրա, լրագրողները բանտերում են հայտնվում, անհատների միջեւ հավասարություն չկա, ճնշում է գործադրվում փոքրամասնությունների վրա, նացիոնալիզմը շատ խիստ է արտահայտված: Այսպիսով՝ եթե պայքարում ես հավասարության, մարդկանց իրավունքների համար, իհարկե՛, պետք է պայքարես նաեւ այդ երեւույթի դեմ»,- ասաց նա:

Բենջամին Աբթանը նշեց, որ սպասվածից ավելի շատ մարդիկ են այս տարի ապրիլի 24-ին գնացել Ստամբուլ՝ հիշատակման միջոցառումներին մասնակցելու համար. «2011 թվականին հիշատակման միջոցառումներին մասնակցում էին մոտավորապես 15-20 մարդ, իսկ այս տարի մարդկանց թիվը հազարների էր հասել, շատ կանայք, երիտասարդներ կային, շատերը Թուրքիայում բնակվող հայեր էին: Միջավայրն էլ էր փոփոխվել. Պետությունը հասկացել էր, որ չի կարող խոչընդոտել մեր ցույցին եւ ճիշտն ասելուն: Այդ պատճառով նրանք ուրիշ ռազմավարություն մշակեցին՝ Գալիպոլին նշեցին նույն օրը, որը շատ ծիծաղելի է»:

Նա հավելեց, որ իրենց կազմակերպությունը 2016 թվականին Հայոց ցեղասպանությանը մեծ ուշադրություն է դարձնելու. «Այս տարին պատմական էր, բայց պետք է մտածել, թե ի՞նչ կլինի մեկ օր կամ տարի հետո: Մենք կրկին այնտեղ կլինենք: Եթե ցեղասպանության դեմ ես պայքարում, դու պետք է ավելի իրազեկ լինես: Մենք պետք է անընդհատ պայքարենք, միգուցե տասնամյակներ շարունակ, միգուցե մեկ դար, բայց մենք պատրաստ ենք պայքարել: Ես գիտեմ, որ վերջում ճշմարտությունը կբացահայտվի, եւ բոլորը կճանաչեն դա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930