Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի Թարգմանչաց եկեղեցին 7-րդ դարի առաջին կեսին կառուցված հռիփսիմեատիպ եկեղեցի է, որը երկրաշարժի հետևանքով ավերվել է 17-րդ դարում: Կառույցի միայն որոշ հատվածներ են պահպանվել:
2012 թվականին պետական հովանավորությամբ սկսվել են եկեղեցու վերականգնողական աշխատանքները: Տարածքում թափված բոլոր հուշարձանապատկան բեկորները մասնագետները համարակալել են և սկսել վերականգնել:
Թարգմանչաց եկեղեցու ավերակների վերականգնման աշխատանքներին ծանոթանալու և հետագա անելիքները հստակեցնելու նպատակով այսօր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր՝ Արմավիրի մարզ աշխատանքային շրջայցի շրջանակներում եղավ նաև եկեղեցու տարածքում:
Կարդացեք նաև
Այգեշատի գյուղապետ Ռոբերտ Հովսեփյանը նախարարին առաջարկեց եկեղեցին վերականգնել իրենց համայնքի մոտ գտնվող քարհանքի քարերով, քանի որ այն դարեր առաջ կառուցվել է տեղի քարերով, և, բացի այդ, դա հնարավորություն կտա խուսափել ավելորդ ծախսերից:
Հ. Պողոսյանի տեղեկացմամբ՝ Այգեշատի Թարգմանչաց եկեղեցու վերականգնողական աշխատանքների իրականացման նպատակով այս տարի պետբյուջեից 20 մլն դրամ է հատկացվել: Մշակույթի նախարարն ասաց նաև, որ 2016-ին կփորձեն կրկնապատկել եկեղեցու համար հատկացվող ֆինանսական միջոցները:
«Կարծում եմ, որ ներկայացված նախագիծը բավականին գրագետ է ու գիտականորեն հիմնավորված: Այնպես որ, այդ իմաստով մենք հանգիստ ենք: Խնդիրը միայն նրանում է, որ 2012 թվականին՝ գրատպության 500-ամյակի առթիվ մեկնարկած վերականգնողական աշխատանքները մենք պետք է կարողանանք հնարավորինս շուտ ավարտել: Իսկ դա նշանակում է, որ պետք է փորձենք ավելացնել այդ ծրագրի տարեկան ֆինանսավորումը, որպեսզի շուտով արդյունք ունենանք»,- ասաց Հ. Պողոսյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ