Լրահոս
Օրվա լրահոսը

7 տարի առաջ բիզնեսմենների 11 %-ն է նշել, որ տուժել է գողության, ավազակության, վանդալիզմի պատճառով

Ապրիլ 28,2015 18:42

2008 թվականին Հայաստանի բիզնես միջավայրում գործող ընկերությունների 35 %-ն է նշել, որ իրենց գործունեության ընթացքում կոռուպցիան խնդիր չի առաջացնում, սակայն 2013 թվականին ընկերությունների 63  %-ն է հավաստիացրել, որ կոռուպցիան իրենց բիզնեսին չի խոչընդոտում: Այս մասին փաստում է ՎԶԵԲ-Համաշխարհային բանկ Գործարար միջավայրի եւ ձեռնարկությունների գործունեության հետազոտությունը, որը հրապարակվել է այսօր:

Զեկույցի հեղինակները դիտարկել են Հայաստանի, Կովկասի, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրները: Հայաստանում 2008-ին ընկերությունների 12 %-ն է նշել, որ հարկայինին կաշառք են տվել: 2013-ին` 3 %-ը:

2008-ին գործարարների 20 %-ն է փաստել, որ հարկային մարմիններին առնչվելիս կաշառքը հաճախակի է, իսկ արդեն 2013-ին այդ ցուցանիշը նվազել է եւ բիզնեսով զբաղվող ընկերությունների 9 %-ն է հարցմանն ի պատասխան հայտնել, որ հարկային մարմինը հաճախակի է կաշառք ուզում: 2008-ին մաքսայինի հետ գործ բռնած գործարարների 15 %-ն է ասել, որ ներմուծման հարցերին առնչվելիս իրենցից հաճախակի են կաշառք ուզել, 2013-ին նույն հարցին արդեն ընկերությունների 9 %-ն է նման կարծիք հայտնել:

Զեկույցը փաստում է, որ 2013-ին գործարարությամբ զբաղվող ընկերությունների 91 %-ը հավաստել է, որ հանցավորությունը խնդիր չի հարուցում, մինչդեռ 2008-ին 48 %-ն է ասել, որ նման խնդիր չունի:

Կովկասում գրեթե նույն պատկերն է, սակայն Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում 2008-ի եւ 2013-ի միջեւ էական տարբերություն չի արձանագրվել: Եթե 2008-ին բիզնեսով զբաղվող ընկերությունների 39 %-ն է նշել, որ հանցավորությունը խնդիր չէ բիզնես-գործունեության ընթացքում, ապա 2013-ին 70 %-ն է այդպիսի պատասխան տվել:

Հետընթաց է արձանագրվել անվտանգության համար վճարող ընկերությունների ցուցանիշում: Մեր երկրում 2008-ին ընկերությունների 59 %-ն է վճարել անվտանգության համար, 2013-ին 15 տոկոսով այդ ցուցանիշը նվազել է:

Ուշագրավ է, որ 2008 թ.-ին գործարարությամբ զբաղվող ընկերությունների 11 %-ն է հայտնել, որ տուժել է գողության, ավազակության, վանդալիզմի կամ հրդեհի պատճառով: 2013-ին` ընկերությունների ընդամենը 4 %-ն է հայտնել, որ հանցավորության զոհ է դարձել:
Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում այս ցուցանիշն ավելի բարձր է. 2008-ին այս երկրներում բիզնեսով զբաղվող ընկերությունների 20 %-ն է փաստել, որ տուժել է հանցավորությունից, 2013-ին այս տարածաշրջանում 6 տոկոսով է դրական արդյունք արձանագրվել:

2013-ին ընկերությունների 57 տոկոսը նշել է, որ մաքսային կանոնակարգերը խնդիր չեն հարուցում բիզնես գործունեության ընթացքում, դրանից 5 տարի առաջ այդ կարծիքին էին գործարարների 43 տոկոսը: Կովկասում 2013-ին 80 տոկոսը մաքսային կանոնակարգերից չի բողոքում, 2008-ին, սակայն այդ ընկերությունները 57 տոկոս էին կազմում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930