Բնակավայրերի զարգացումն ու ամրապնդումը դիտարկելով Հայաստանի ռազմավարական առաջնահերթություններից մեկը, 1990-ական թվականներին հիմնադրվեց տեղական ինքնակառավարման համակարգը` որպես բնակավայրերի զարգացման գլխավոր նախապայման: Բարեփոխումները միտված էին համայնքների կենսագործունեության հարցերում կենտրոնական իշխանությունից համայնքների կախվածությունը թուլացնելուն, իշխանության տեղական մարմիններ ձևավորելու հարցում նրանց ժողովրդավարական լայն հնարավորություններ ընձեռելուն, սոցիալ – տնտեսական սեփական խնդիրները լուծելու համար լայն լիազորություններ տրամադրելուն:
2000-ական թվականներից, սակայն, տեղի ունեցավ պետական քաղաքականության կտրուկ փոփոխություն, ինչի արդյունքում Հայաստանում սկսվեց տեղական ինքնակառավարման համակարգի վերացման մի գործընթաց, որը հանգեցրել է համայնքների խիստ թուլացմանը: Մասնավորապես, 2000թ.-ին համայնքների եկամուտների բազայից դուրս բերվեցին եկամտահարկի գծով օրենքով ամրագրված 15% մասհանումը և կենտրոնացված կարգով վճարողների հողի հարկը՝ մեծացնելով պետությունից համայնքների ֆինանսական կախվածությունը: 2005թ.-ին «Ընտրական օրենսգրքում» կատարված փոփոխությամբ հանվեց համայնքի ղեկավարի պաշտոնում նույն անձի` երկու ժամկետից ավելին անընդմեջ ընտրվելու իրավունքի սահմանափակումը: Նույն թվականին «ընդունված» սահմանադրական փոփոխություններով ամրագրվեց այն դրույթը, համաձայն որի տեղական հանրաքվեների արդյունքները պարտադիր չեն համայնքների միավորման կամ բաժանման հարցերը լուծելիս: Աստիճանաբար ներդրվեց պետական կառավարման տարբեր մակարդակի մարմինների, մասնավորապես` մարզպետարանների, կողմից համայնքային իշխանությունների լիազորություններին միջամտելու և դրանք յուրացնելու գործելաոճը:
Տեղական ինքնակառավարման համակարգում կատարված ավերածությունները կարծես բավարար չհամարելով, իշխանություններն այժմ փորձում են իրագործել համայնքների խոշորացման մի նոր` վտանգավոր հայեցակարգ: Հայ Ազգային Կոնգրեսը նշում է, որ սույն հայեցակարգը `
- Հանգեցնելու է սեփական իշխանություններ ձևավորելու գործում ժողովրդի դերի էական նվազմանը, ինչը խորացնելու է պետական կյանքից նրա էլ ավելի օտարումը,
- Բերված հիմնավորումներով ոչ թե բնակավայրերի զարգացման և ամրապնդման, այլ` մեխանիկական միավորման միջոցով դրանց ինքնուրույնությունից զրկելու ծրագիր է:
- Խախտում է բնակավայրերի` սեփական եկամուտները տնօրինելու սկզբունքը և խոչընդոտելու է բնակավայրերում ներդրումների իրականացմանը:
- Ըստ էության վերջնականապես վերացնում է բնակիչների լիարժեք մասնակցությունը համայնքների կառավարմանը, թեև հայտարարվում է հակառակը:
- Բնակավայրերի բնակիչներին՝ առօրյա բազմաթիվ խնդիրների լուծման առումով, կանգնեցնելու է մեծ դժվարությունների առջև:
- Բոլորովին անտեսում է տասնամյակների կամ հարյուրամյակների պատմություն ունեցող բնակավայրերի պատմամշակութային ժառանգության, ազգագրական ինքնատիպության և ավանդույթների պահպանման անհրաժեշտությունը:
- Վերջապես, լուրջ վտանգներ է պարունակում այն առումով, որ համայնքային նոր կենտրոնները կարող են կլանել բոլոր ռեսուրսները՝ զարգացման ընդգծված անհամաչափություն առաջացնելով բնակավայրերի միջև: Ծրագրի իրագործումն, այդպիսով, նպաստելու է դեպի նոր կենտրոններ բնակչության միգրացիային՝ ի վերջո հանգեցնելով որոշ բնակավայրերի դատարկմանը՝ հատկապես բարձր լեռնային և սահմանամերձ շատ գյուղերում, ինչն արդեն սպառնալիք է ազգային անվտանգությանը:
Այսպիսի կարևորագույն հարցերում պետությունը չպետք է առաջնորդվի միջոցներ տնտեսելու նկատառումով, առավելևս, որ այդ «բարեփոխման» ֆինանսական արդյունքը չնչին է լինելու:
Կարդացեք նաև
Հայ Ազգային Կոնգրեսը համարում է, որ հրատապ անհրաժեշտություն է վերադարձը ծրագրային հենքի վրա երկրի բնակավայրերի զարգացման ու ամրապնդման ռազմավարությանը` խորացնելով և ընդլայնելով տեղական ինքնակառավարումը: Այդ նպատակով պետք է կատարել հետևյալ առաջնահերթ քայլերը.
- հրաժարվել արհեստական միավորման միջոցով համայնքների խոշորացումից` շեշտը դնելով միջհամայնքային համագործակցության վրա, խթանելով կոոպերացիայի զարգացումը,
- փոփոխություններ կատարել ՀՀ «Ընտրական օրենսգրքում»` վերականգնելով համայնքի ղեկավարի ընտրության ժամկետային սահմանափակումը,
- էապես ընդլայնել տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները` համայնքների կենսագործունեության և զարգացման խնդիրները լուծելու հարցերում, բացառելով անօրինական միջամտությունները տեղական իշխանությունների գործունեությանը,
- ֆինանսական ինքնուրույնությունը ապահովելու նպատակով, ընդլայնել համայնքների եկամուտների աղբյուրները, մասնավորապես` օրենսդրական փոփոխություններ կատարելով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում` եկամտահարկի և շահութահարկի գծով համայնքների տարածքում հավաքագրվող գումարների մի մասը մուտքագրելով համայնքային բյուջեներ,
- համայնքների միացումը կամ առանձնացումը կատարել բացառապես կամավորության սկզբունքով` հիմք ընդունելով համայնքների հանրաքվեների արդյունքները,
- պետության միջամտությունը համայնքների միացման հարցում թույլատրելի համարել բացառիկ դեպքերում` երբ դա անհրաժեշտ է փոքր բնակավայրերի դատարկումը կանխելու համար:
Ելնելով վերոշարադրյալից, Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում միացման ենթակա բոլոր համայնքների բնակիչներին` ակտիվորեն մասնակցել մայիսի 17-ի հանրաքվեին և դեմ քվեարկել կառավարության առաջարկած ծրագրին:
Հայ Ազգային Կոնգրես