Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նիստ Պոլիտեխնիկում

Ապրիլ 28,2015 18:21

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ապրիլի 28-ին տեղի  ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նիստ:

Նիստի ընթացքում ելույթ ունեցավ համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմանջյանն ու ասաց, թե իր համար առանցքային գաղափար է, որ 1915 թվականին ցեղասպանության պատասխանը հայ ժողովուրդը պետք է տար եւ արժանապատվորեն տվել է 1945 թվականին մայիսի 9-ին Բեռլինում եւ տարիներ հետո նաեւ մայիսի 8-ին Շուշիում. «Մենք այսօր հարյուրերորդ տարելիցից հետո, երբ մեր անմեղ զոհերն արդեն սրբեր են, պետք է դադարենք խոսել դժվարություններից, ցավից: Մենք պետք է կարողանանք կերտել մեր վաղվա օրը, որը պետք է երաշխիք լինի ապահովելու մեր երկիրը ներգաղթով, ոչ թե արտագաղթ ունենանք, որպեսզի մենք կարողանանք ունենալ քաղաքակիրթ պետություն, որպեսզի մեր երեխաները կարողանան այստեղ կերտել վաղվա Հայաստանը: Սա գերխնդիր է, եւ մենք սա պետք է լուծենք»:

IMG_9246

Նիստի ընթացքում տեղի ունեցավ նաեւ գրքի շնորհանդես: Պրոֆեսոր Մհեր Մարկոսյանը հրապարակել է իր պապի՝ Վարդգես Մավյանի գիրքը՝ «Տրապիզոնի հայերը մեծ ոճրի ճանապարհին»: Նա լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ Վարդգես Մավյանին լեզվաբան Հրաչյա Աճառյանն է խորհուրդ տվել գրել այդ գիրքը: Գրելուց հետո նա ցանկացել է տպագրել գիրքը, սակայն ապարդյուն: Վարդգես Մավյանի մահվանից տարիներ անց Մհեր Մարկոսյանը կտակ է հայտնաբերել, որտեղ իր պապը ցանկություն է հայտնել, որ գոնե իր թոռները կարողանան հրապարակել գիրքը:

«Գիրքը ցույց է տալիս, որ թուրք ժողովուրդը վատը չէ, որ թուրք ժողովուրդը փրկել է իրեն: Բայց նաեւ քննադատության է ենթարկել ե՛ւ Թուրքիայի կառավարությանը, ե՛ւ հայկական ղեկավարներին, որոնք չեն կարողացել կանխատեսել եւ կազմակերպել այնպես, որ հայերը ջարդի չենթարկվեն»,- ասաց նա:

Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ է հիմա հրապարակել գիրքը, նա պատասխանեց, որ նոր է գլխի ընկել. «Աճեցի, հասա այն մակարդակին, որ հասկացա՝ պետք է այդ գործը կատարել: Ներքին ձայնս ասաց, որ դա պետք է կատարել»:

Նա հավելեց, որ եթե գիրքը թարգմանվի թուրքերեն, ապա շատ թուրքեր կարող է հասկանան, որ հայերի հետ կարող են նորմալ ապրել եւ հայերին էլ չի թշնամացնի թուրք ժողովրդի հետ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930