Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյան. «Իմ խոսքը թերևս չի էլ հասնի պարոն Նախագահին»

Ապրիլ 28,2015 17:45

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին

 Այս օրերին խոսում, քննարկում ենք հիմնականում Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու ապաշխարման, նաև մեր միասնականության մասին։ Խոսում ենք ոչ միայն մենք Հայաստանում, այլև մեզ են միանում համաշխարհային մամուլը, աշխարհի առաջնորդները, հայտնիները, գոնե նրանք, ովքեր ճշմարտությունն ասելու համարձակություն ունեն։

Բոլորը հրաշալի էին, բոլորը տպավորիչ էին: Ինձ համար հատկապես առանձնահատուկ էր Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի ելույթը Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողության ժամանակ: Ընդհանրապես ճանաչել էլ կա, ճանաչել էլ։ Եկեղեցու խորանից հնչեց ուժեղ, հոգատար, հաստատակամ, սրտացավ, վստահ մարդու խոսք։

Գերմանիան մի պետություն է, որն արդեն ունեցել է իր գործած ոճրագործությունը խոստովանելու խիզախություն։ Գերմանիան մի պետություն է, որ այսօր Եվրոպայում ունի ամենամեծ թուրքական համայնքներից մեկը։ Այն մշտապես եղել է Թուրքիայի հիմնական գործընկերն ու դաշնակիցը։ Եվ այս երկրի կողմից Հայոց ցեղասպանության մասին, այն էլ այդպես հոգի խոցող բառերով բարձրաձայն խոսելը լուրջ ազդակ է Թուրքիային առ այն, որ համաշխարհային միտումներն ու տրամադրությունները սկսել են փոխվել. պետական շահերը զիջում են դիրքերը համամարդկային արժեքներին։ Բարձր արժեհամակարգերն ու ճշմարտությունը դարձել են դոմինանտ։

Գերմանիայի նախագահը համարձակություն ունեցավ նշելու Հայոց ցեղասպանության գործում իրենց բաժին պատասխանատվությունն ու որոշ դեպքերում նաև՝ մեղսակցությունը, և դա անում է ոչ թե կապվելու համար անցյալի ճնշող իրողություններին, այլ արթուն լինելու, մարդկությանը սպառնացող բնաջնջումներն ու ահաբեկչությունները կանխելու համար։

Գերմանիայի խորհրդարանը պատրաստվում է քննարկման դնել 1915 թվականին Օսմանյան Կայսրությունում հայերի կանխամտածված բնաջնջումը և տեղահանությունները Ցեղասպանություն որակող բանաձևը։

Մենք չգիտենք, թե ինչ ճակատագիր կունենա բանաձևը, կամ ինչ ժամկետներում այն կընդունվի, սակայն մի բան հաստատ է. Յոահիմ Գաուկը հայ ժողովրդի պատմության մեջ կհիշվի Ռոնալդ Ռեյգանի, Վուդրո Վիլսոնի անունների հետ։

Իմ խոսքը թերևս չի էլ հասնի պարոն Նախագահին, միգուցե կարիքն էլ չկա։ Չգիտեմ՝ Գերմանիայի պատմության մեջ ինչ է գրվելու Յոահիմ Գաուկ անվան դիմաց, ես միայն մի բան գիտեմ, այդ անուն-ազգանունը այլևս հայոց պատմության էջերում գրվել է անջնջելի գրչով, գրվել է սիրով ու դարերի համար: Այս մի բանը հաստատ գիտեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930