ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի ապրիլի 28-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին
Ապրիլի 23-24 Երևանում մեկնարկեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը, որին մասնակցում էին 600 մասնակից՝ հինգ տասնյակ երկրներից։ Շնորհակալություն ֆորումի կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին:
Գլոբալ ֆորումի ժամանակ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի հիմնադիր Ռոջեր Սմիթի կողմից առաջարկ հնչեց, որպեսզի հայ ժողովուրդը առաջնորդի ստեղծելու միջազգային կազմակերպություն՝ ցեղասպանությունից տուժած ժողովուրդների միություն, կյանքի իրավունքի համար գործող ժողովուրդների միություն:
Ֆորումում կոչ արվեց, որ հայ ժողովուրդը պետք է առաջատար դեր տանի մարդկային կյանքի սրբազան լինելուն ուղղված համաշխարհային ակցիա-քարոզարշավ կազմակերպելու գործում:
Կարդացեք նաև
Ինչպես նշեցին ֆորումի մասնակիցները. «Մենք չենք ուզում, որ կրկնվեն եղեռները աշխարհում, մենք կարող ենք աշխատել միասին և կանխարգելենք ցեղասպանությունները, եկել ենք աշխարհի տարբեր երկրներից, որպեսզի ասենք, որ ուզում ենք միասնական ստեղծել մի աշխարհ, որտեղ կտիրի խաղաղությունը: Հայ ժողովուրդը կօգնի և կառաջնորդի, որ միմյանց ճանաչեն տուժած ժողովուրդները»:
Եվ այստեղ՝ պատմական հիշողության պահպանման հարցում, մենք՝ խորհրդարանականներս, անելիք ունենք: Կոչ ենք անում և առաջարկում ենք ցեղասպանությունների դեմ պայքարը սկսել սերունդներին կրթելով և ցեղասպանության մասին նյութեր ներառելով հանրակրթական ուսումնական ծրագրերում:
Շնորհակալություն ենք հայտնում Ֆրանսիային, որի կառավարության որոշման համաձայն`դեռևս 2013թ. Հայոց ցեղասպանության թեման ներառվել է միջնակարգ դպրոցի պատմության և աշխարհագրություն դասագրքերում: Դասագրքերի հեղինակ Վալերի Պերտուեն առաջարկել է աշակերտներին նոր հայացք գցել պատմության վրա և դիտարկել մի շարք պատմական իրադարձություններ, որոնք սովորաբար ընդունված չէ ներառել եվրոպական դպրոցական ծրագրերում: “Հայոց ցեղասպանությունն ազգի զանգվածային ոչնչացմանն ուղղված ծայրահեղ քայլ էր Օսմանյան կայսրության կողմից, որը 20-րդ դարի սկզբին արդեն իսկ մոտենում էր իր վախճանին”,- նշվում է դասագրքում: Որոշ դասագրքերում կան նաև Օսմանյան կայսրության քարտեզներ, որոնց վրա սլաքներով ցույց է տրվում, թե հայերը որ շրջաններից դեպի ուր են աքսորվել և թե որտեղ են զանգվածաբար կոտորվել:
Շնորհակալություն ենք հայտնում Կալիֆորնիային, որի Սենատն ընդունել էր «Ցեղասպանության մասին տեղեկացվածության» թիվ 234 օրինագիծը, ըստ որի’ Կալիֆորնիայի պատմության ուսումնական ծրագրերում և դասագրքերում ներառվել է նաև Հայոց ցեղասպանության պատմական փաստը:
2011թ. Գերմանիայի Բրանտենբուրգի երկրամասը նույնպես Հայոց ցեղասպանության թեման ներառել է իր դպրոցների պատմության դասագրքերում:
2014-ին ԱՄՆ-ում տպագրված «Բռնության ժխտումը. Օսմանյան անցյալը, թուրքական ներկան և հայերի դեմ հավաքական բռնությունը 1789-2009» գրքի հեղինակ, Միչիգանի համալսարանի սոցիոլոգիայի թուրք պրոֆեսոր Ֆաթմա Գյոչեկը խոստովանել է, որ հայերի ցեղասպանություն եղել է, սակայն նաև պատմում է, որ իրենց կրթական համակարգում, պատմության դասագրքերում առհասարակ խոսք չկար այն մասին, թե ինչ է տեղի ունեցել, ոչ մի խոսք`բռնությունների մասին: Թուրքերը միշտ ներկայացված էին որպես շատ հայրենասեր, անմեղ ու վեհ մարդիկ և Թուրքիայում ոչինչ չգիտեն իրենց իսկ անցյալում կատարվածի մասին:
Առաջնորդվենք այն գիտակցումով, որ ցեղասպանության վկաներ փնտրելու ճանապարհը լավ է մեր պատմական հիշողությունը պահպանելու և պատմության հետ առերեսվելու համար, սակայն պայքարի լավագույն միջոցը սերունդները կրթելու ճանապարհն է: