«Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնը շարունակում է հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը։ Վաղն այդ շարքը կհամալրվի «Քրոնոս» քառյակի համերգով, որի ժամանակ կհնչի Մելինե Գույումճյանի հեղինակած «Լուռ կռունկներ» գործը, որը հատուկ գրվել է «Քրոնոս»-ի պատվերով։
Փառատոնի տնօրեն Սոնա Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ «Քրոնոս» խմբին առաջին անգամ չէ, որ հրավիրում են Հայաստան, առաջին փորձն արվել է 2004 թվականին, որը, ցավոք, մերժվել էր։
Տնօրենը մեծ ոգևորությամբ ասաց, որ ի զարմանս իրեն` Հայաստանում նույնպես «Քրոնոս»-ն ունի երկրպագուների մեծ բանակ. «Ես շատ զարմացած էի, երբ երկրպագուներից ստանում էի զանգեր, նրանք խնդրում էին, որ այս կամ այն գործը նույնպես ներառվի համերգի ծրագրում»:
«Քրոնոս» խմբի բոլոր անդամները հուզված էին. «Մենք այսօր այցելել ենք Ծիծեռնակաբերդ, չեմ կարող բացատրել ապրումներս, դա պարզապես աննկարագրելի է։ Մեզ համար այս համերգն ունի մեծ նշանակություն և բոլորս անհամբեր սպասում ենք վաղվան»,– ասաց քառյակի հիմնադիր, առաջին ջութակ Դեյվիդ Հարինգթոնը։ «Լուռ կռուկներ» երգի հեղինակ Մերի Գոյումճյանը հավելեց. «Ես միշտ մեծ պարտավորվածություն եմ զգում, ես իմ պարտքն եմ համարում տեղեկացնել աշխարհին հայոց ցեղասպանության մասին»:
«Քրոնոս» խմբի անդամները նշեցին, որ ավելի քան 10 տարի է անցել Հայաստան իրենց այցից, բայց գրեթե ոչինչ չի փոխվել մարդկանց մեջ. նույն ջերմությունն ու սերն է և մենք զգում ենք դա ամեն քայլափոխին:
Լիլիան ՕՍԻՊՅԱՆ