Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն իր հացադուլը Ազատության հրապարակում է շարունակում: Ապրիլի 28-ին նա լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ հացադուլը միայնակ է շարունակելու. «Նստացույցին ինձ հետ կմասնակցեն տղաները, բայց ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս հացադուլ անել, չեմ ցանկանում, որ միանան հացադուլին»:
Կարծիք կար, որ ապրիլի 24-ից հետո ազատ կարձակվեն «Հիմնադիր խորհրդարանի» ձերբակալված անդամները: Անդրադառնալով այդ կարծիքին՝ նա ասաց, որ մինչեւ ապրիլի 24-ը համոզված էր, որ նրանց ազատ չեն արձակելու. «Երկու ամիս նախնական կալանքը տալուց հետո չեն ազատելու, դրանից հետո էլի կդատեն եւ հինգ-վեց տարի կտան: Արդեն մենք փորձը ունենք, չի՛ կարելի անընդհատ հավատալ եւ խաբվել: Եթե բոլորս միասին չպայքարենք, բաց չեն թողնելու, վաղը մեր հերթն է լինելու, մեզ են տանելու, հետո ո՞վ է պայքարելու, չեն լինելու պայքարողներ»:
Նա համարում է, որ քաղբանտարկյալները միայն համախմբման դեպքում կազատվեն. «Ես միայնակ դրան չեմ կարող հասնել, ես համոզված եմ: Բայց եթե բոլոր հասարակական կազմակերպությունները, բոլոր մտավորականները, անհատները համախմբվեն՝ սրանք չեն համարձակվի հաջորդ անգամ մի ուրիշին ձերբակալեն: Բոլոր երկրներում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումներ են լինում, բայց չկա նման դեպք, որ ցուցարարին տանեն հինգ-վեց տարով կալանավորեն, թո՛ղ տասնհինգ օր տային»:
Կարդացեք նաև
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ազատամարտիկը բողոքի ակցիայի ձեւը փոխի, նա պատասխանեց, որ ամեն ինչ էլ հավանական է, սակայն դեռ նման որոշում չի ընդունել: Խաչիկ Ավետիսյանի ինքնազգացողությունը բավարար է. «Դա երրորդական խնդիր է: Դեռեւս շուտ է առողջականի մասին հարցնել, դեռեւս ես կդիմանամ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ