«Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ կառավարության օրենքի նախագծի դրական և բացասական կողմերը» թեմայով քննարկմանը մասնագետներն իրենց մտահոգությունը հայտնեցին, թե այլուրի հարստացման դեպքում լուրջ վտանգներ կան, որ քաղցկեղով հիվանդների թիվը կաճի և իրավունք չունենք ռիսկի դիմելու: Նշենք, որ քննարկման կազմակերպմանն աջակցում է Մարտունու կանանց համայնքային խորհրդի գրասենյակը:
Կենսաֆիզիկոս Աշոտ Կարապետյանը բերեց Չիլիի օրինակը, երբ 2000-ին ալյուրը հարստացրել են ֆոլաթթվով, որից հետո քաղցկեղի աննախադեպ աճ է գրանցվել. «Հետազոտությունը պարզել է, որ հիմնականում 45 տարեկանից բարձր տարիքային խմբի մոտ հաստաղու քաղցկեղը 2.6 անգամ է աճել, ավելի բարձր տարիքի մարդկանց մոտ` 2.9 անգամ: Կրծքագեղձի քաղցկեղը աճել է 2.8 և 1.9 անգամ: Սա բնական աճ չէ»:
Պարոն Կարապետյանը, որպես համեմատություն նշեց, որ ՀՀ-ում 1 կգ այլուրին նախատեսվում է խառնել 1.3 միլիգրամ ֆոլաթթու. «Դրոժները ևս ֆոլաթթու են արտադրում: Հայը միջինը 400 գրամ հաց է ուտում, միջին չիլիացին կրկնակի քիչ: Փաստորեն մեզ մոտ կրկնակի քիչ են ավելացնում ֆոլաթթու, կրկնակի շատ ենք հաց ուտում: Ստացվում է նույնը. երեք-չորս տարի հետո մենք կունենանք կես միլիոն քաղցկեղով հիվանդներ»:
Աշոտ Կարապետյանը հավելեց. «Քաղցկեղով հիվանդ մարդիկ հակաֆոլաթթվային դեղեր են ստանում, ՀՀ-ի 70-76 հազար քաղցկեղով հիվանդներին զրկում ենք հաց ուտելու իրավունքից: Տրոմբոֆիլիայով հիվանդներին ` ևս»:
Կարդացեք նաև
Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի մանկաբարձ-գինեկոլոգ Գայանե Պետրոսյանն օրենսդրական այս նախաձեռնությունը արդարացնում է ու հիմնավորում. «Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ սակավարյունությունն է տարածված. հղիների մոտ 12 տոկոս է կազմում, վերարտադրողական տարիքի կանանց մոտ՝ 25 տոկոս, մինչև 5 տարեկան երեխաների մոտ` 37 տոկոս: Ուստի այս հիմնահարցը լուծելու համար հարստացնում ենք ալյուրը երկաթով ու ֆոլաթթվով, որ կարողանանք քչացնել հաշմանդամ երեխաների թիվը»:
Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը, դեմ արտահայտվելով նախաձեռնությանը, հակադարձեց. «Որպես եվրոպական արժեքներ կրող պետություն` ինչո՞ւ մեր երկրում հղիությունը չի պլանավորվում, որ մարդիկ մինչ հղիանալը դիմեն բժշկի, ընդունեն համապատասխան պրեպարատները»:
Գայանե Պետրոսյանն արձագանքեց, թե ոչ ոք վստահ չէ, որ նշանակված դեղորայքը նշանակված չափաբաժնով օգտագործելու են, դրա համար փորձում են այլ մեթոդների անցնել»:
Մելիտա Հակոբյանը մտահոգություն հայտնեց, որ այս պարագայում հասարակությունը զրկված է ընտրության, տեղեկատվություն ստանալու և անվտանգության իրավունքից ու մանրամասնեց. «Հիմա արդեն խոսում են պրեմիքս, ցինկ խառնելու մասին: Փաստորեն, անվտանգության իրավունքը չպաշտպանեցին: Տեղեկատվություն ստանալու իրավունքը` ևս: Ամեն ինչ սկսում ենք հետևից, ինչպես լեննականցու խաշը: Մինչդեռ մենք հաց ուտող ժողովուրդ ենք: Ավելին, ազգաբնակչության մեծ մասը տեղյակ չէ ծրագրից, չգիտենք, գուցե արդեն խառնել են»:
Նշենք, որ մասնագետների մեծամասնության կարծիքով` սա միջազգային բիզնես նախագիծ է, որին «ՀՀ-ն կուլ է գնում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ