1915թ. հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները Նոյեմբերյան քաղաքում չեն սահմանափակվում ապրիլի 24-ով: Ապրիլի 28-ին սահմանամերձ քաղաքի հայ-հունական բարեկամության զբոսայգում կայացավ ցուցահանդես: Նկարիչ Զավեն Պետրոսյանը ներկայացրել էր ցեղասպանության թեմայով 15 գծանկար: Ցուցադրված էին նաեւ նկարչուհի Լարիսա Մամյանի, Կողբի գեղարվեստի դպրոցի դասատուների նկարները, ժողովրդական վարպետ Արմեն Գոգինյանի քանդակները, հուլունքագործ Ռոզա Դուրինյանի հեղինակած գործերը, «Երիտասարդ հայ ազգային քրիստոնյա կանանց ասոցացիա« ՀԿ-ի անդամների, «Հույսի կամուրջ» ՀԿ Նոյեմբերյանի մասնաճյուղի սաների ձեռագործ աշխատանքներ եւ այլն:
Կարճ ժամանակով փակվեց քաղաքի կենտրոնով ձգվող Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը եւ Նոյեմբերյանի մարզամշակութային կենտրոնի «Սոսե» պարային համույթը այնտեղ ցուցադրեց ազգային պար:Հայ ժողովրդի վերապրումի, վերածնունդի խորհուրդ ունեցող միջոցառման ընթացքում քաղաքի մարզամշակութային կենտրոնը ներկայացրեց հագեցած ծրագիր՝ ազգային երգ ու պար, ասմունք: Մասնակցում էին նաեւ Նոյեմբերյանի սահմանապահ զորամասից կատարողներ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ