Լրահոս
Օրվա լրահոսը

Գոա․ հարավի լողափերի խաղաղությունը

Ապրիլ 28,2015 16:27

Մինչև հարավ գնալը, հյուսիսից գալով հայտնվում ենք Մապուսայում։ Մապուսան կամ Մափսան այստեղի առևտրական կենտրոնն է։ Մտիր տեղի հանրահայտ շուկան և բարևդ կմոռանաս։ Այն այնքան մեծ է, որ մոլորվել կարելի է։ Մափսայից որպես հիշատակ ես դակեցի քիթս՝ փիրսինգ արեցի, փողոցում, առանց անաստեզիայի ու դիզինֆեկցիայի։ Ու բան չեղավ, անվտանգ է։ Բոլորը՝ մեծից փոքր այստեղ դրանից չեն վախենում։ Իսկ իմ աստվածավախ հինդուիստ հարևանուհի Մայան դեռ մի բան էլ գովեց ինձ արարքիս համար ու ջերմորեն գրկեց։ Վերջ, հիմա ես իրենցից մեկն եմ, միայն թե չպահանջեն ես էլ հինդուիզմ ընդունեմ։ Դակողն, ի դեպ, ասաց, որ միայն ձախ մասը կդակի, աջը մահմեդականներն են դակում։ Իսկ իմ հոգևոր գուրուն էլ մեկ ուրիշ բան ասաց,- «Աղջիկս, հանկարծ չանես տենց բան, մարմնիդ մեջ օտար մարմին, տվյալ դեպքում՝ ժեշտի կտոր մի մտցրա»։ Չլսեցի, դե ջահել եմ, մաքսիմալիստ ու էմոցիոնալ, երևի արյունով կհատուցեմ սխալիս համար։ Կամ գուցե և սխալ էլ չէ, չէ որ ամեն բան այս արևի տակ հարաբերական է․․․

Էդպես, արդեն սարիով ու փիրսինգով եկա-հասա Փանաջի կամ Պանջիմ։ Շատ նենց Երևանի նման քաղաք է։ Այստեղ խոշոր խանութներ ու ռեստորաններ, սուպերմարկետներ ու առևտրի սրահներ շատ կան, տիպիկ մայրաքաղաք է։ Մի կողմից հիշվող Միրամար լողափն է, իսկ մյուս կողմից՝ Բամբոլիմը։ Դե իսկ կենտրոնում էլ՝ գեղատեսիլ Դոնա Պաուլա լողափը, որտեղ շատ կազինոներ կան, բայց հնդիկ տղամարդիկ այստեղ չեն խաղում։ Ժամանակ եկավ, որ “կանայք փափկասունք հինդուստան աշխարհի” գնացին կառավարություն և պահանջեցին, որ օրենք ընդունվի, որ Գոայի քաղաքացիներին չթույլատրվի այստեղ խաղալ, թե չէ խեղճ հնդկական միջին խավի ընտանիքներ։ Տեղից էլ երկրում աղքատությունը անթույլատրելի տոկոսների է հասնում, արդեն հատել է սահմանը։ Շուտով կազինոների երբեք չմարող լույսերին այստեղ էլ կփոխարինեն հավերժ խավար ետնախորշերը։

PrevPhoto
NextPhoto

Դե լավ, տխուր թեմաները թողնենք։ Հին Գոայից ճանապարհվում ենք Պոնդա՝ հինդուիստական վանքերի քաղաք, որը նահանգի նենց լավ խորքում է գտնվում։ Ազգային արգելանոց Մախավիրն ու համեմունքների պլանտացիաները, ջրվեժն ու ջունգլիները մոտ են։ Սակայն ամենագեղեցիկ ջրվեժը՝ Դուդխսագարը կամ “կաթի լիճը” մնաց հյուսիսում, էն բոհեմիկ Արամբոլի կողմերը։

Մի խոսքով, բարով-խերով եկան-հասանք հարավային Գոա։ Այստեղ են գալիս բացառապես նրանք, ովքեր հանգիստ են փնտրում, խաղաղություն, պարզապես կենսական պասիվ վիճակներ։ Աղմուկը, իրարանցումը մնացին հյուսիսում։ Մեզ են դիմավորում հարավի ձյունաճերմակ ավազե լողափերը։ Կանաչ գույնն ու բուսականությունը այստեղ ևս դոմինանտ են։ Տեղի հյուրանոցներն ու հյուրատները կառուցված են ծովին շատ մոտ, առաջին առափնյա գծին մոտ (200 մետր), հեռու քաղաքակրթությունից ու տեղական գյուղերից։ Անմարդաբնակ կղզիներ սիրող հոգով Ռոբինզոններ, բոլորդ այստեղ, շտապ, անհապաղ։ Դրանք բոլորն անմիջապես ուղիղ ելք ունեն դեպի ծով։ Բայց դե այնպես չէ, որ այստեղ չկան մարդկության նշույլներ՝ սրճարաններ, բարեր, դիսկոտեկներ, ռեստորաններ, խանութներ ու կրպակներ։ Շուկա ևս կա։ Տեղի առևտրական քաղաքը Մարգաոն է, որտեղից էլ շարժվում են տեղի բազմագույն ու աշխարհի բոլոր քամիներին բաց ավտոբուսները։ Այստեղից արդեն կարելի է շարունակել ճանապարհը դեպի հյուսիս, կամ էլ ընդհակառակը՝ խորանալ էլ ավելի հարավ, դեպի հարակից Կերալա նահանգ։

ԵՎ այսպես, Վելսաոյից շարժվում ենք դեպի Մաժորդա և Կոլվա։ Կոլվա գյուղում շատ բրինձի դաշտեր կան, և կարելի է դիտել թե ինչպես շատ ու շատ թռչուններ ամեն օր գալիս այստեղ։ Կոլվան նաև շատ զարգացած վայր է, չեք ձանձրանա հաստատ։ Այն տեղ-տեղ նման է հյուսիսին։ Իսկ ահա Բենաուլիմ լողափում հանդարտություն է տիրում։ Եվ միայն ձկնորսներն ու նրանց ջրի մեջ ճոճվող նավակներն են հիշեցնում կյանքի մասին։ Այստեղ նաև շատ դելֆիններ կան։ Եվ կարելի է դիտարկել նրանց իրենց իսկ բնական, կենսաբանական միջավայրում։

Հաջորդիվ արդեն Վարկա և Կավելոսիմ շքեզ, luxury լողափերն են։ Այստեղ հանգստանալու են գալիս են բացառապես հարուստ մարդիկ։ Ամենից լավ հյուրանոցներն են դրանք, հարմարավետ։ Դե իսկ հաջորդ դրախտային լողափը Մոբորն է, որտեղ ափին շատ ծովաստղեր կհանդիպեք։ Իսկ երբ քայլում եք տեղի հաճելի ձյունաթույր ավազով, այն ասես ձյան պես ձայն է հանում, ճռճռում է ոտքի տակ։ Փակեք աչքերն ու պատկերացրեք Ձեզ հեռավոր Սիբիրում։ Մոբորի ամենից հայտնի հյուրանոցը Leela-ն է։ Բետուլ լողափով և Կաբո դե Ռամա ֆորտով հասնում ենք Ագոնդա, իսկ ապա հարավի ամենապարզ ու հանգիստ լողափը՝ Պալոլեմը։ Հյուրանոցներ այստեղ շատ չկան, դեռ չեն հասցրել կառուցապատել այս տեղանքը։ Մի իսկական դրախտավայր է Պալոլեմը՝ կապույտ ծով, ջինջ ու անամպ երկինք, մանր ու մաքուր ավազ, թավ փարթամ բուսականություն, հարթավայրեր ու բլուրներ, արևավառ լույս, հաճելի օդ ու բնակլիմայական պայմաններ։ Կան այստեղ փոքրիկ խրճիթներ ու հյուղակներ։

Նամաստե (Բարև) Գոա, համբույրներ եմ ուղարկում Քո արևածագերին ու մայրամուտներին։ Շարունակելի․․․

 

Մարիա Թոքմաջյան

Հնդկաստան, Գոա նահանգ, Կավելոսիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930