Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի դպրոցի տնօրեն Կառլեն Հովհաննիսյանն այսօր մասնակցել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի քննություններին:
Նա Aravot.am-ին ասաց, որ արդեն երկրորդ տարին է՝ մասնակցում ու որոշակի դժգոհություններ հայտնեց. «Հարցաշարերում շատ ավելորդ հարցեր կան, որոշակի անհրաժեշտ հարցեր ներգրավված չեն»:
Ավելորդ հարցերից մի օրինակ հիշեց՝ որտեղ է անցկացվում ուսուցչի մրցույթը. «Այդ նպատակի համար առանձնացված սենյակում: Լրիվ ավելորդ հարց, սա հիշեցի, սա եմ ասում, բայց շատ են»:
Կարդացեք նաև
ԿԳ նախարարից հետաքրքվեցինք՝ կիսո՞ւմ է տնօրենի դժգոհությունն ու հարցաշարերը այդ իմաստով փոփոխելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, թե՞ ՝ոչ:
«Ուրախ եմ, որ նրանք կարծիք են հայտնում բովանդակության հետ կապված: Այդ կարծիքները այս տարիների ընթացքում հավաքագրել ենք նախարարությունում ու հարցաշարը լրամշակվել է, բայց եթե այդ կարծիքի հետ մենք համաձայն ենք եղել: Տնօրենները կարող են ունենալ իրենց պատկերացումները, թե ինչին պետք է տիրապետեն, բարի, թող տիրապետեն մեր պարտադրած նվազագույնին եւ հետո դրա վրա ավելացնեն իրենց հետաքրքրություններն ու ցանկությունները, պրպտումների արդյունքում բացահայտված նոր մոտեցումները»:
Հիշեցնենք, որ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի գործընթացը սկսել է 2011 թվականից: Տարին երկու անգամ է անցկացվում: 2011-14 թթ վերապատրաստմանը մասնակցել է 2280 հավակնորդ, քննությանը մասնակցել է 2673-ը, որից 2039-ն են ստացել հավաստագիր, 554-ը չեն հաղթահարել, իսկ 80-ը չեն մասնակցել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ