Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանը՝ նախարարին. «Մեր տունը ջուր է լցվում, դուք ասում եք՝ բայց վերանորոգողը սերտիֆիկատ ունի»

Ապրիլ 28,2015 16:02

Այսօր ԱԺ-ում քննարկվում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքում» փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է բուժաշխատողների մասնագիտական հմտությունների շարունակականությունն իրականացնելու համար ներդնել հավաստագրման համակարգ. «Հնացած եւ արդեն իրեն չարդարացրած համակարգը փոփոխության կարիք ունի»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարց ուղղեց. «Պարոն Մուրադյան, դուք գտնում եք, որ ճի՞շտ է այսպիսի օրենք ընդունել, որով որոշում ենք բժշկի որակավորումը, սերտիֆիկատ ենք սահմանում, կրեդիտ ենք սահմանում: Բա ո՞ւր մնաց շուկան: Ի՞նչ դեր պետք է խաղա եւ ի՞նչ կոնկրետ մեխանիզմներով պետք է գնահատի սպառողը մատուցված բժշկական ծառայության որակի փաստումը: Այս օրենքով դա ինչպե՞ս է արտահայտվում»:

Նախարարը պատասխանեց, որ, անշուշտ, սպառողի կարծիքը կարեւոր է՝ բուժման որակը գնահատելու համար, բայց կա նվազագույն շեմ, որը պետք է ապահովի պետությունը. «Բժշկական հիմնարկը եւ ծառայություն ապահովողը գտնվում են տարբեր ինֆորմացիոն դաշտերում: Կա հստակ ինֆորմացիոն ասիմետրիա: Հաճախ օգնությունը գնահատվում է հուզական դաշտում: Նման օրենքի ընդունումը կարող է ապահովել թվայնացրած նվազագույն բժշկական որակավորման գնահատման հնարավորությունը»:

Նախարարն ասաց, որ բազմաթիվ զարգացած երկրներում օրենքը կիրառվում է շուրջ 50-60 տարի: Օրինակ, ավագ բուժաշխատողը պետք է ոչ միայն վերապատրաստված լինի, այլեւ դրան զուգահեռ՝ ինքնակրթական ծրագրերը, հմտությունները, որոնք թույլ են տալիս 5 տարվա ընթացքում ընդհանուր պատկեր ստանալ, որ տվյալ բժիշկը ինքնակրթված է, տիրապետում է վերջին տեսական նորամուծություններին, հմտություններին եւ ունենալով պետական հավաստագիրը՝ թույլ է տրվում բժշկական գործունեություն իրականացնել մեր երկրում:

Ըստ նախարարի, այս փոփոխությունը կնպաստի սպառողների կարծիքի փոփոխությանը:

Հրանտ Բագրատյանին պատասխանը չգոհացրեց. «Օրենքում ցույց տվեք կետ, որ սպառողին տեղ եք հատկացրել: Մենք չենք ասում՝ մի ստուգեք՝ դիպլոմ ունի՞, թե՞ չէ: Ասենք, դուք եկել եք մեր տուն, վերանորոգում եք մեր խոհանոցի ծորակը, տունը ջուր է լցվում, դուք ասում եք՝ բայց վերանորոգողը լավ աշխատող է, սերտիֆիկատ ունի: Չենք ասում սերտիֆիկատ թող չունենա, բայց իմ կարծիքը մնում է, չէ՞, որ լավ չեք վերանորոգել, փողը չեմ ուզում տամ»:

Արմեն Մուրադյանը չհամաձայնեց բերված օրինակի հետ՝ հատակին թափված ջուրը դուք կարող եք գնահատել եւ նաեւ վարպետը, բայց բժշկագիտության մեջ բժշկական կրթություն ստացածն ավելի լավ կարող է տիրապետել, թե ինչ դեղորայք պետք է կիրառել, որի մասին սպառողը տեղյակ չէ եւ պարտավոր չէ. «Չեմ կիսում տեսակետը, որ միանշանակ սպառողն է գնահատողը»:

Նախարարը հորդորեց վստահել սպիտակ խալաթովներին. «Հակառակ դեպքում սիսեռաբուժությունից մինչեւ ձկնաբուժությունը մենք պետք է խրախուսենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930