«Զուգահեռ կենսագրություններ»
Պլուտարքոսի գրքի վերնագիրը
Հանրագիտարանային ոճով ներկայացնենք ՍՍՀՄ և Հայաստանի առաջին երեք ղեկավարների կենսագրությունները:
Կարդացեք նաև
ԼԵՆԻՆ (Ուլյանով) Վլադիմիր Իլյիչ, քաղաքական, պետական, հասարակական, կուսակցական գործիչ, Սովետական Միության հիմնադիր և առաջին ղեկավար: Երիտասարդ տարիքից զբաղվել է հեղափոխական գործունեությամբ, բանտարկվել և աքսորվել: Եղել է կիրթ, զարգացած, խորը գիտելիքների և բարձր ընդունակությունների մարդ, տիրապետել է բազմաթիվ լեզուների: Իրեն անվանել է գրականության մարդ, եղել է հիանալի հռետոր, գրել բազում քաղաքագիտական, հրապարակախոսական, փիլիսոփայական և այլ աշխատություններ: Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության հիմնադիրներից: Երկու անգամ վերափոխել և վերանվանել է իր կուսակցությունը (դարձրել բոլշևիկյան, ապա՝ կոմունիստական): Նույնիսկ իր իշխանության տարիներին հանդես է քաղաքական վերլուծություններով և հոդվածներով: ՍՍՀՄ ղեկավարությունից հեռացել է իր կամքով, առողջական խնդիրների պատճառով: Հզոր ազդեցություն է ունեցել իր համախոհների և շրջապատի վրա, ուր համարվել է մեծ և անսխալական գործիչ, հանճար, վայելել համարյա պաշտամունքի հասցված անառարկելի հեղինակություն: Հայտնի մականուններից է «Լենին պապի», հատկապես մանկական գրականության և բանահյուսության մեջ:
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ Լևոն Հակոբի, քաղաքական, պետական, հասարակական, կուսակցական գործիչ, հետսովետական Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ (կողմնակիցների շրջանում՝ «հիմնադիր նախագահ»): Երիտասարդ տարիքից մասնակցել է ազգային շարժման խմբակների: Կիրթ, զարգացած, խորը գիտելիքների և բարձր ընդունակությունների մարդ, բանասիրական գիտությունների դոկտոր, գրողների միության անդամ, տիրապետում է բազմաթիվ լեզուների: Հիանալի հռետոր է, գրել է բազում քաղաքագիտական, հրապարակախոսական, գիտական աշխատություններ: Ղարաբաղյան շարժման առաջնորդներից, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀՇ հիմնադիրներից: Երկու անգամ վերափոխել և վերանվանել է իր քաղաքական ուժը (համազգային շարժումից՝ ՀՀՇ կուսակցություն, ապա՝ ՀԱԿ): Քաղաքական պատճառներով բանտարկվել է, տեղափոխվել Մոսկվա: Նույնիսկ իր իշխանության տարիներին հանդես է եկել քաղաքական վերլուծություններով և հոդվածներով: Նախագահի պաշտոնից հեռացել է իր կամքով, նախագահական շրջանը չավարտած, իշխանության ներսում եղած անհամաձայնությունների պատճառով: Հզոր ազդեցություն ունի իր համախոհների և շրջապատի վրա, ուր համարվում է մեծ ու անսխալական գործիչ, վայելում է համարյա պաշտամունքի հասցված անառարկելի հեղինակություն: Հայտնի մականուններից է Լևոն պապի, կամ պապի, հատկապես իր հետևորդների շրջանում:
ՍՏԱԼԻՆ (Ջուղաշվիլի) Իոսիֆ (վրաց. Իոսեբ) Վիսարիոնովիչ, ՍՍՀՄ երկրորդ ղեկավար, աշխարհի պատմության ամենամեծ բռնակալներից: Մինչ այդ եղել է Ռուսաստանի հեղափոխական շարժման, ապա՝ կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության առաջնորդներից: Լենինի հեռացումից հետո ներկուսակցական պայքարում կարողացել է իր ձեռքը վերցնել երկրի իշխանությունը, վերափոխել լենինյան քաղաքականությունը (համաշխարհային հեղափոխության երազանքից անցնել երկրի տնտեսության զարգացմանը և հզոր պետության կառուցմանը): Չի ունեցել իր նախորդի կրթվածությունը, բայց երկրի պրակտիկ ղեկավարման ոլորտում գերազանցել է նրան: Իր իշխանության տարիներին երկիրը գրանցել է տնտեսության նշանակալի աճ: Կարողացել է իշխանությունից հեռացնել (և ոչնչացնել) լենինյան գվարդիայի հին ներկայացուցիչներին: Ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթական պատերազմի ժամանակ եղել է ՍՍՀՄ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ և վարչապետ: Իշխել է ՍՍՀՄ-ում իր օրոք սկսված և հետագայում ընդունված ձևով՝ մինչև իր կյանքի վերջը: Նրա մահվանը հաջորդած համաժողովրդական սգո ցույցերի ժամանակ բազում մարդիկ ոտնատակ ընկնելով զոհվել են:
ՔՈՉԱՐՅԱՆ, Ռոբերտ Սեդրակի, ՀՀ երկրորդ նախագահ: Ղարաբաղյան սկզբից եղել է տեղի հեղափոխական շարժման առաջնորդներից, ապա՝ Հայաստանում իշխող ՀՀՇ կուսակցության ղեկավարության կազմում: Ադրբեջանի դեմ հաղթական պատերազմի ժամանակ՝ ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ և վարչապետ, ապա՝ ԼՂՀ նախագահ, Տեր-Պետրոսյանի իշխանության վերջին շրջանում՝ ՀՀ վարչապետ: 1999 հոկտեմբերի 27-ին հաջորդած ծայրահեղ դժվար իրադրության մեջ կարողացել է իր ձեռքը վերցնել իշխանությունը, հեռացնել նախորդ սերնդի գործիչներին, ապա՝ վերափոխել երկրի և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականությունը: Չունի իր նախորդի կրթվածությունը, բայց է եղել է ավելի պրակտիկ ղեկավար, և իր իշխանության տարիներին երկիրը գրանցել է տնտեսության նշանակալի աճ: Իշխանությունից հեռացել է ՀՀ օրենքի համաձայն, նախագահական ժամկետը լրանալուն պես: Նոր ընտրությունների արդյունքից դժգոհ քաղաքական ուժերի կազմակերպած հանրահավաքների և ընդվզումների արդյունքում եղել են բռնություններ, զոհվել է տաս մարդ, մի քանի տասնյակ էլ բանտարկվել է:
ԽՐՈՒՇՉՈՎ, Նիկիտա Սերգեևիչ, ՍՍՀՄ երրորդ ղեկավար: Եղել է կուսակցական և պետական գործիչ, իր նպաստը ունեցել ստալինյան բռնություններին, մասնակցել Հայրենական պատերազմին: Եղել է Ուկրաինայի, ապա՝ Մոսկվայի կուսակցական կազմակերպությունների քարտուղարը: Փոխել է ՍՍՀՄ ղեկավարության ստալինյան աշխատանքի ոճը, դատապարտել Ստալինի անձի պաշտամունքը, երկրի ղեկավարության մեջ բարձրացրել կուսակցության դերը: Աշխատել է նորմալ հարաբերություններ հաստատել Արևմուտքի հետ, այցելել տարբեր երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ, և Մոսկվա հրավիրել այլ երկրների ղեկավարների: Քաղաքական հակառակորդների նկատմամբ ունեցել է նախորդներից փափուկ վերաբերմունք, փաստորեն վերացրել է քաղաքական հաշվեհարդարի գործելաոճը՝ իշխանությունից հեռացրել է իրեն դեմ գնացողներին, բայց առանց բռնություններ կիրառելու: Իր ղեկավարության տարիներին երկիրը գրանցել է տնտեսական դժվարություններ: 1960 թվականի հոկտեմբերի 12-ին ՄԱԿ-ի 15-րդ ասամբլեայի ելույթում սպառնացել է աշխարհի հզոր «իմպերիալիստական» պետություններին՝ «մենք ձեզ ցույց կտանք Կուզկայի մորը» (ռուսական ժողովրդական սպառնալից արտահայտություն): Իշխանությունից հեռացվել է ներքին՝ «պալատական» ինտրիգի արդյունքում:
ՍԱՐԳՍՅԱՆ, Սերժ Ազատի, Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ: Ղարաբաղյան շարժման և պատերազմի մասնակից: Ղեկավարել է Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն, եղել ՀՀ Պետական անվտանգության, ներքին գործերի, պաշտպանության նախարար, վարչապետ: Նախագահ ընտրվելուց մեկ տարի առաջ դարձել է երկրի առաջատար կուսակցության՝ ՀՀԿ-ի ղեկավար: Փոխել է իր նախորդի աշխատանքի ոճը, հեռացրել նրա կադրերին իշխանությունից, երկրի ղեկավարության մեջ բարձրացրել կուսակցության դերը: Փորձել է նորմալ հարաբերություններ հաստատել Հայաստանի պատմական հակառակորդ Թուրքիայի հետ: Այցելել է Թուրքիա և Երևան հրավիրել Թուրքիայի նախագահին: Իշխանությունից հեռացրել է իրեն դեմ գնացողներին, բայց մեղմ ձևով, առանց բռնություններ կիրառելու: Իր ղեկավարության տարիներին երկիրը գրանցել է տնտեսական դժվարություններ: 2014 թվականի սեպտեմբերի 24-ի Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի իր ելույթում հայ-թուրքական համաձայնագրերի առթիվ Թուրքիայի հասցեին ասել է «գրողի ծոցը վավերացնեք» (ժողովրդական սպառնալից արտահայտություն):
* * *
Այստեղ բերված նմանությունների ու համընկումների մի մասը, հավանաբար, պայմանավորված են օբյեկտիվ հանգամանքներով՝ պատմական իրադրությունների համադրելիությամբ, մյուսի դեպքում առկա է անցյալի ազդեցությունը, իսկ որոշ դեպքերում գործում է անհասկանալի միստիկական «գործոնը»: Բայց մեր և հյուսիսային մեծ հարևանի վերջին դարաշրջանի ղեկավարների ընդհանրություններն ասվածով չեն սահմանափակվում: Եվ իրոք, ՍՍՀՄ-ը վաղուց անհետացել է, իսկ մենք գնում ենք առաջ…
ԵԼՑԻՆ Բորիս Նիկոլաևիչ, հետսովետական Ռուսաստանի առաջին նախագահ: Մինչ նախագահ ընտրվելը եղել է կուսակցական-պետական բարձր պաշտոնյա, ընդդիմադիր գործիչ, ապա՝ Ռուսաստանի դաշնության խորհրդարանի նախագահ (ՍՍՀՄ կազմում): Ուկրաինայի և Բելոռուսիայի ղեկավարության հետ միասին իրականացրել է խաղաղ իշխանափոխություն, որի հետևանքով վերացավ ՍՍՀՄ-ը և ձևավորվեց նոր Ռուսաստանը՝ ՍՍՀՄ-ի իրավահաջորդը: Մինչ նախագահ դառնալը, ՍՍՀՄ վերջին տարիներին ենթարկվել է հալածանքների: Որպես Սովետական կայսրության դեմ պայքարող առաջնորդ վայելել է դեմոկրատիայի առաջամարտիկի միջազգային հեղինակություն: Իշխանությունից հրաժարվել է մինչև իր նախագահական ժամկետի լրանալը: Նրա իշխանության տարիներին Ռուսաստանում իրականացվել է պետական սեփականության սեփականաշնորհումը, ձևավորվել են հետսովետական երկրներին բնորոշ արատավոր բարքեր, տեղի է ունեցել հաղթական պատերազմ Չեչնիայում:
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ Լևոն Հակոբի, հետսովետական Հայաստանի առաջին նախագահ: Մինչև նախագահ դառնալը եղել է ընդդիմադիր գործիչ, ապա՝ երկրի խորհրդարանի նախագահ (ՍՍՀՄ կազմում): Իր կուսակիցների հետ փաստորեն իրականացրել է խաղաղ իշխանափոխություն, որի հետևանքով ձևավորվեց նոր Հայաստանը՝ Սովետական Հայաստանի իրավահաջորդը: Մինչ նախագահ դառնալը, ՍՍՀՄ վերջին տարիներին ենթարկվել է հալածանքների (բանտարկվել Մոսկվայում): Որպես Սովետական կայսրության դեմ պայքարող առաջնորդ վայելել է դեմոկրատիայի առաջամարտիկի միջազգային հեղինակություն: Իշխանությունից հրաժարվել է մինչև իր նախագահական ժամկետի լրանալը: Նրա իշխանության տարիներին Հայաստանում իրականացվել է պետական ունեցվածքի սեփականաշնորհումը, ձևավորվել են հետսովետական երկրներին բնորոշ արատավոր բարքեր, տեղի է ունեցել Ղարաբաղի հաղթական պատերազմը:
ՊՈՒՏԻՆ Վլադիմիր Վլադիմիրովիչ, Ռուսաստանի դաշնության երկրորդ նախագահ: Մինչև երկրի նախագահ դառնալը եղել է երկրի վարչապետ: Նրան Պետերբուրգից, իր երկրորդ ժամկետին Մոսկվա բերեց իր նախորդը՝ Ելցինը, որը և ապահովեց նրա ընտրությունը որպես նախագահ: Վճռական բնավորությամբ, միանձնյա որոշումներ կայացնող գործիչ: Իր իշխանության տարիներին կարողացավ աշխատեցնել Ռուսաստանի տնտեսությունը: Ըստ լուրերի, իր մերձավորները տիրում են նշանակալի ռեսուրսների:
ՔՈՉԱՐՅԱՆ Ռոբերտ Սեդրակի, ՀՀ երկրորդ նախագահ: Մինչև երկրի նախագահ դառնալը եղել է վարչապետ: Նրան Ղարաբաղից, իր երկրորդ ժամկետին բերեց իր նախորդը՝ Տեր-Պետրոսյանը: Վերջինիս հրաժարականից հետո նրա թիմը պայքարեց նախագահական ընտրություններում Քոչարյանի հաղթանակի համար: Վճռական բնավորությամբ, անձնական որոշումներ կայացնող գործիչ: Իր իշխանության տարիներին կարողացավ որոշ չափով աշխատեցնել ՀՀ տնտեսությունը: Ըստ լուրերի, իր մերձավորները տիրում են նշանակալի ռեսուրսների:
ՄԵԴՎԵԴԵՎ Դմիտրի Անատոլևիչ, Ռուսաստանի երրորդ նախագահ: Պուտինի իշխանության վերջին ժամանակաշրջանում՝ երկրի վարչապետ: Պուտինն էլ, որոշակիորեն, ապահովել է նրա ընտրությունը: Նախորդից տարբերվում է ավելի «դեմոկրատական» բնավորությամբ: Փորձել է արտասահմանյան երկրների հետ ավելի համերաշխ հարաբերություններ ստեղծել: Քաղաքական հակառակորդների հետ դրսևորել է Պուտինից պակաս կոշտ մոտեցումներ: Ավելի հակված է դեպի փոխզիջումները:
ՍԱՐԳՍՅԱՆ Սերժ Ազատի, ՀՀ երրորդ նախագահ: Քոչարյանի իշխանության վերջին ժամանակաշրջանում՝ երկրի վարչապետ: Քոչարյանն էլ, որոշակիորեն, ապահովել է նրա ընտրությունը: Նախորդից տարբերվում է ավելի «դեմոկրատական» բնավորությամբ: Փորձել է Թուրքիայի հետ ավելի համերաշխ հարաբերություններ ստեղծել: Քաղաքական հակառակորդների հետ դրսևորել է Քոչարյանից պակաս կոշտ մոտեցումներ: Ավելի հակված է դեպի քաղաքական փոխզիջումները:
* * *
Մի հանրահայտ դիտարկում կա: Սովետական Միության առաջնորդների քաղաքական կերպարները և հերթականությունը ինչ-որ անհասկանալի միստիկական կապ է ունեցել նրանց գլխի մազածածկույթի հետ՝ ճաղատ և մազոտ ղեկավարները հերթագայել են իրար: Այսպես, Լենինը ճաղատ էր, «դեմոկրատ» ու ռեֆորմատոր, նա ազատագրեց մարդկանց ցարիզմի լծից և ինքնավարություն տվեց Ռուսաստանի փոքր ժողովուրդներին: Ստալինը, որ մինչև կյանքի վերջը պահպանեց իր ճոխ մազածածկույթը, բռնակալ էր, ավտորիտար իշխող և այլախոհություն չէր հանդուրժում: Խրուշչովը ճաղատ էր, նա ժողովրդին ազատեց Ստալինի անձի սարսափելի պաշտամունքից, համեմատաբար նորմալ հարաբերություններ հաստատեց արտասահմանյան երկրների հետ, այնքան հանդուրժող, որ նրան հեռացրին իշխանությունից: Բրեժնևը, որը հզոր մազածածկույթ ուներ, որոշակի ռեաբիլիտացիայի ենթարկեց ստալինյան անցյալը և հալածում էր այլախոհներին: Բրեժնևից հետո եղան երկու կարճաժամկետ ղեկավարներ՝ Ճաղատ ռեֆորմատոր Անդրոպովը և առատամազ բրեժնևական Չեռնենկոն: ՍՍՀՄ գոյությունն ավարտվեց ճաղատ ռեֆորմատոր և համաշխարհային դեմոկրատ Գորբաչովի իշխանությամբ:
Հետսովետական Ռուսաստանն ուրիշ երկիր դարձավ: Այս օրինաչափությունը պիտի փոխվեր և փոխվեց 180 աստիճանով: Ռուսաստանի առաջին նախագահ Ելցինը, հզոր մազածածկույթի տեր մի մարդ, պայքարում էր ավտորիտար ՍՍՀՄ-ի դեմ և հաղթեց, ռեֆորմներով փոխեց երկրի բնույթը և համաշխարհային դեմոկրատիայի առաջամարտիկի դափնիներ նվաճեց: Երկրորդը՝ Պուտինը ճաղատ է, բայց ավելի շուտ «ստալինյան» տիպ, խստաշունչ և ուժեղ կառավարիչ, տիպիկ «առաջնորդ»: Մեդվեդևը մազոտ է և ավելի հանդուրժող քան Պուտինը, ավելի թույլ, մի տեսակ «խրուշչովյան» տիպ:
Իսկ Հայաստանո՞ւմ: Լևոն Տեր-Պետրոսյանը մազոտ է (հակված սանրվածքով թաքցնելու իր առաջացող փոքրիկ ճաղատությունը) և դեմոկրատ-ռեֆորմատոր առաջնորդի հռչակ էր վայելում: Բացի այդ, նա ընկերական հարաբերություններ ուներ Ելցինի հետ: Քոչարյանը ճաղատ է, «պուտինյան» տիպ, բացի այդ՝ Պուտինի ընկերը: Սարգսյանն իր բնավորությամբ, մազածածկույթով և կերպարով ավելի նման է Մեդվեդևին: Այսպիսով, մեր նախագահներն իշխել են իրենց կերպարներին համապատասխան ռուս նախագահների հետ միաժամանակ: Ուղղակի Մեդվեդևից հետո նորից եկավ Պուտինը, որը խառնեց այս համաժամանակյա համապատասխանությունը: Որքանով կարելի է դատել, Պուտինը, որը Քոչարյանի ընկերն էր, այնքան էլ լավ անձնական հարաբերությունների մեջ չէ Սարգսյանի հետ: Իհարկե, պետական հարաբերություններում, անձերի ընկերությունն էական գործոն չի համարվում, բայց արդյո՞ք դա միարժեքորեն այդպես է:
Սա միստիկա է: Կարելի՞ է սրա հիման վրա դատողություններ անել կամ նույնիսկ գործել: Ասենք, մեր նախագահների ընտրությունները համապատասխանեցնել ռուսականի հետ, փոքր ուշացումով: Ընտրել ռուս նախագահներին կերպարով և բնավորությամբ համապատասխան նախագահներ: Չգիտեմ: Ես առաջարկում եմ մտածել: Անձնական և կերպարային նմանությունն ու ընկերությունը մեզ միայն օգուտ կբերեն:
Արմեն ՊԵՏՐՈՍՅԱՆ