Լրահոս
Օրվա լրահոսը

«Խմեք մեր դեղատներից առած «Նուրոֆենը»՝ ձեր գլխացավը կկրկնապատկվի». Նաիրա Զոհրաբյանը՝ նախարարին

Ապրիլ 28,2015 15:35

Այսօր ԱԺ-ում քննարկվում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքում» փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Ինչպես ներկայացրեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, նախագծով առաջարկվում է բուժաշխատողների մասնագիտական հմտությունների շարունակականությունն իրականացնելու համար ներդնել հավաստագրման համակարգ. «Հնացած եւ արդեն իրեն չարդարացրած համակարգը փոփոխության կարիք ունի»:

ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, օգտվելով առիթից, որ նախարարն ամբիոնի մոտ է, թեմային չվերաբերող հարց ուղղեց նրան. «Հայաստանում կառուցվում է Ուռուցքաբանության կենտրոն, թեեւ մենք էլ գիտենք, դուք էլ գիտեք, թե ինչ ողբալի վիճակում է ՀՀ-ում այդ ոլորտը: Բոլորս էլ գիտենք, որ չկա ՀՀ-ում գեթ մեկ քիչ թե շատ վճարունակ քաղաքացի, որ իր առողջությունը վստահի այս ոլորտի մասնագետներին: Մենք կարող ենք ունենալ շենքային առումով լավագույն կենտրոնը, բայց չունենայինք համապատասխան մասնագետներ: Վստահ եմ, վիզուալ առումով լավ շենք է լինելու, բայց ի՞նչ է արվում, որ համապատասխան մասնագետներ լինեն»:

Հետո Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց նաեւ դեղերի որակից. «Հակաքաղցկեղային, քիմիոթերապիայի նույնանուն դեղերը, որոնք բերվում են Եվրոպայից, այստեղ 1-2 ընկերություն է բերում եւ որակական առումով խստագույնս տարբերվում են իրենց ազդեցությամբ»:

Նախարարը պատասխանեց, որ բավականին մեծ գործընթացներ են գնում շինարարական եւ կազմակերպչական բնույթի՝ Ուռուցքաբանության կենտրոնում. «Չկա մեկ երկիր, որտեղ ուռուցքաբանության գործընթացները կանգնած են՝ հաշվի առնելով ամբողջ աշխարհում այդ հիվանդության դեմ պայքարը»:

Ինչ վերաբերում է դեղերի որակին, նախարարն ասաց, որ յուրաքանչյուր դեղ ենթարկվում է փորձաքննության. «Կիսում եմ մտահոգությունը, որ կան երկրներ, որտեղ արտադրված դեղորայքի տարբերությունը հիվանդները հստակ նշում են, բայց այս հարցին օբյեկտիվ պատասխան կարող են տալ լաբորատոր փորձաքննությունները՝ գիտականորեն հիմնավորելով: Դրա հնարավորությունն այսօր Հայաստանում կա»:

Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ «Հայաստանն այն բացառիկ երկրների եռյակի մեջ է, որտեղ քաղցկեղը երիտասարդացման լուրջ միտում ունի, չե՞ք կարծում, որ արդեն իմաստ ունի մտածել «Քաղցկեղի դեմ պայքարի ազգային ծրագրի» մասին: Նոր ուռուցքաբանության կենտրոնի մասնագետները որտե՞ղ են վերապատրաստվելու, մենք ունենք մասնագետների լուրջ դեֆիցիտ»:

Նաիրա Զոհրաբյանը դեղերի որակին անդրադառնալով՝ կոնկրետ օրինակ բերեց. «Խմեք Եվրոպական ցանկացած երկրից ցավազրկող Նուրոֆեն եւ առեք նաեւ մեր դեղատներից: Մեր դեղատներից առած Նուրոֆենը խմեք՝ ձեր գլխացավը կկրկնապատկվի, իսկ Եվրոպայից առածը խմեք՝ իսկապես ձեր գլխացավը կանցնի»:

Արմեն Մուրադյանն ասաց, որ հակաուռուցքային ազգային ծրագիր ներկայումս մշակվում է: Իսկ դեղերի խնդիրը բոլոր երկրներում կան, որոնց մասին կարող են խոսել «Դեղերի մասին» օրինագծի քննարկման ժամանակ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930