Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի տպավորությամբ, քաղաքական դաշտի մաքրման գործընթաց է սկսվել:
«Այսինքն, տեսանք, որ փրկիչները հեռանում են քաղաքական դաշտից, ժողովուրդը պետք է հասկանա, որ մի օրվա վերափոխումը կամ մի օրվա հեղափոխությունն այդքան էլ հեշտ գործ չէ: Առավել եւս, որ եթե պետք է հայտարարվի միայն մեխանիկական հեղափոխության մասին, դա ոչ մի բանի չի բերի»,- այսօր «Հայնյուզ» ակումբում ասաց Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով, մայիսի 1-ին իրենց նախատեսած հանրահավաքին ներկայացնելու են այն այլընտրանքը, որը հնարավոր է իրականացնել երկիրը ծանր վիճակից հանելու համար. «Պարզ ասում եմ՝ մեր խնդիրը որն է լինելու, ուզում ենք այս պահին պարտադրել իշխանությանը՝ անելու այն ամենը, ինչ անհրաժեշտ է, որովհետեւ արյունաքամ ենք լինում: Շատ փաստեր կներկայացնենք հանրահավաքի ժամանակ, անուններ կտանք ու կասենք՝ որոնք են ու ինչի համար են պատասխանատու»:
Հետո շարունակեց՝ հանրահավաքի են դուրս գալու ոչ թե պահանջով՝ սրան, նրան ազատեք, այլ պահանջելու են մարդու սահմանադրական իրավունքների իրականացման հնարավորությունն ապահովել. «Ոչ թե հայտարարվեն, որ նրանք իրավունքներ ունեն, այլ որ իրականացվեն: Համակարգը պետք է փոխվի, այս համակարգով հանրապետությունն այս վիճակից դուրս չի գա…մենք հիմա ժողովրդին ուզում ենք ասել՝ ճիշտ ընտրություն կատարեք, չպետք է մտածեք, որ հարուստը կարող է գալ ու ձեզ օգնել այս վիճակը փոխելու: Հարուստը ինչի պետք է շահագրգիռ լինի, այս համակարգի ժամանակ է հարստացել»:
Կարդացեք նաև
ԲՀԿ-ի անդրադարձը այս տեսակետներին՝ շուտով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ