ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր հրապարակայնորեն մեղադրանքներ ու վիրավորանքներ հնչեցրեց ՀՀ երեք նախագահների հասցեին: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին նա անվանեց «ԿԳԲ գործակալ», ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` «ազգի դավաճան»: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասին էլ ասաց, թե նա շարունակում է Ռոբերտ Քոչարյանի ճանապարհը:Aravot.am-ը այս մեղադրանքների վերաբերյալ զրուցեց ՀՀ նախագահների մամուլի խոսնակների հետ:
Հնչած քննադատությունների, մասնավորապես այն, որ ՀՀ առաջին նախագահը սխալ ուղու վրա դրեց Հայոց ցեղասպանության ճանաչման ու հատուցման գործընթացը և վիրավորանքների վերաբերյալ պարզաբանումներ ստացավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանից: Նա արձագանքեց. «Այդ մարդն անցած արդեն 20 և ավելի տարիներին իրեն այնքան է վարկաբեկել, որ նրա ասածները ոչ մի քոռ կոպեկի արժեք չունեն, եթե խոսքը տարվող քաղաքականության, կամ ընդհանրապես պետության կառավարման փիլիսոփայության մասին է: Ինչ վերաբերում է վիրավորանքներին, ապա այդ մարդու մակարդակը դա է, ի՞նչ եք իրեն հավելյալ տանջում, վերակենդանացնում քաղաքական գերեզմանից: Մեղք են մարդիկ, հասարակությանն ազատեք Պարույր Հայրիկյանից»:
Մեր այն դիտարկմանը, թե Հայրիկյանը փաստարկված է խոսում. օրինակ նշում, որ «Տեր-Պետրոսյանն էլ, որպես սփյուռքահայի զավակ, որևէ վերապահում չունեցավ ու գոնե չասաց, թե այս սահմաններով մտնենք ՄԱԿ, մինչև միջազգային իրավունքի սահմաններով գրենք», ուստի ի՞նչն էր խանգարում Լևոն Տեր-Պետրոսյանին դա անել, Արման Մուսինյանը պատասխանեց. «Լևոն Տեր-Պետրոսյանին խանգարում էր փորձառությունը, լրջմտությունը և ազգի նկատմամբ մտահոգությունը, պետական շահերի գիտակցումը, ինչը, ցավոք, բացակայում է Ձեր նշած անձի պարագայում»:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը փոխանցեց հետևյալը. «Ես այդքան պարապ չեմ, որ Հայրիկյանի հայտարարությունները մեկնաբանեմ»:
Կարդացեք նաև
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանին գրավոր ուղարկել ենք մեզ հետաքրքրող հարցերը: Պատասխանի դեպքում կհրապարակենք նաև նրա տեսակետը:
Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ