Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարար. «Հանրային կարծիքը կարևոր գործոն է որոշումներ կայացնելիս»

Ապրիլ 28,2015 14:42

Արդարադատության նախարարությունը գործընկերների հետ արդեն իսկ մշակել է Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգի նախագիծը

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ապրիլի 28-ին մասնակցել է «ՀՀ-ում քրեակատարողական համակարգի բարեփոխման հեռանկարները. պրոբացիոն ծառայության հիմնադրումը ՀՀ-ում» գնահատման հաշվետվության քննարկմանը: Միջոցառումը կազմակերպել էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակը՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության հետ համատեղ:

Քննարկմանը մասնակցել են նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը, պետական ու հասարակական կառույցների այլ ներկայացուցիչներ:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ողջունել է ներկաներին և նշել, որ պրոբացիոն ծառայության ստեղծման անհրաժեշտությունը ամրագրված է ինչպես ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին ՀՀ նախագահի կարգադրությունում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրում:

Նախարարը տեղեկացրել է, որ Արդարադատության նախարարությունը գործընկերների հետ արդեն իսկ մշակել է Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգի նախագիծը, որը հանրային լայն քննարկումներ անցնելուց հետո լրամշակվել և ներկայացվել է ՀՀ կառավարություն:

«Հանրային կարծիքը կարևոր գործոն է որոշումներ կայացնելիս: Մենք ոչ միայն ականջալուր ենք լինելու դրանց, այլև ինքներս ենք խթանելու հանրային կարծիքի արտահայտումը. արդյունքում կունենանք հանրության կողմից առավել ընդունելի, լեգիտիմ որոշումներ»,-ընդգծել է նախարարը: Հովհաննես Մանուկյանը շնորհակալություն է հայտնել բոլոր շահագրգիռ կողմերին, մասնավորապես ԵԱՀԿ-ին՝ պրոբացիոն ծառայության ներդրման ուղղությամբ ՀՀ կառավարությանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը կարևորել է նման հանդիպումների կազմակերպումը և հույս հայտնել, որ հետազոտությունն ու այսօրվա քննարկումները կնպաստեն Կառավարության ջանքերին՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությամբ ստեղծելու արդյունավետ պրոբացիոն ծառայություն:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարությանը միջոցառմանը մասնակցելու համար և ընդգծել, որ պրոբացիայի հաստատությունը քրեական արդարադատության կարևոր բաղադրիչներից է:

«Հույս ունենք, որ զեկույցում ներկայացված առաջարկությունները՝ Հայաստանի օրենսդրական դաշտի, ինչպես նաև միջազգային փորձի վերլուծությունը, լավ հիմք կհանդիսանան համատեղ ջանքերով պրոբացիոն ծառայություն ստեղծելու համար»,- ասել է ՀԿ նախագահը:

Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են հետազոտությունում առկա եզրակացությունները, Հայաստանում պրոբացիոն ծառայություն ներդրման ռազմավարության հեռանկարները:

«ՀՀ-ում քրեակատարողական համակարգի բարեփոխման հեռանկարները. պրոբացիոն ծառայության հիմնադրումը ՀՀ-ում» հետազոտությունը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Այն  ուղղված է քրեակատարողական համակարգում բարեփոխումների հեռանկարներին և Հայաստանում պրոբացիայի ծառայության ներդրմանը:

      ՀՀ ԱՆ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930