«Ազատամարտիկների դաշինքը» հայտարարել էր, որ մինչեւ ամսի 24-ը ներքաղաքական խնդիրներին չի անդրադառնալու, որեւէ միջոցառում չի կազմակերպելու. ապրիլի 24-ն անցավ`ի՞նչ են մտածում կամ նախատեսում դաշինքի անդամները`Aravot.am-ի հարցին, դաշինքի հիմնադիրներից, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանն ասաց. «Դեռ ոչ մի որոշում չունենք, քանի որ դաշտն այսօր շատ պղտոր է: Դեռ կոնկրետ քայլեր, ծրագրած որոշումներ չունենք»:
Aravot.am-ի եւ Lragir.am-ի լրագրողների հետ զրույցում, Ռուստամ Գասպարյանը չհամաձայնեց դիտարկման հետ, որ դաշտն այսօր ավելի քան պարզ է ու հստակ: «Չէի ասի, դեռ պարզ չի»,- ասաց նա հավելելով, որ. «Ազատամարտիկների դաշինքին» այսօր նաեւ քաղաքական ուժ է պետք, դաշինքն ինքնուրույն չի կարող ոչ մի բան էլ փոխել այս երկրում: Պետք է ուժ, պետք են զարգացումներ, որ այդ տղաներն էլ պատրաստ են ժողովրդի կողքին լինելու: Տղաները միշտ էլ հայտարարել են»:
Ռուստամ Գասպարյանը վստահ չէ, որ գործընթացները մինչեւ հերթական ընտրություններ կձգվեն: Չի բացառում, որ արտահերթ գործընթացներ էլ լինեն, քանզի փոփոխությունների անհրաժեշտությունն այսօր Հայաստանում օրախնդիր է:
Aravot.am-ը նաեւ հետաքրքրվեց`իշխանությունն, ի դեմս նախագահի, պատժեց Գագիկ Ծառուկյանին, ապա պատժիչ գործողություններ եղան նաեւ Ժիրայր Սեֆիլյանի ու «Հիմնադիր խորհրդարանի» անդամների նկատմամբ, «Ազատամարտիկների դաշինքի» նկատմամբ սպառնալիքներ եղե՞լ են: «Ես չէի ասի`Գագիկ Ծառուկյանին պատժել են: Գագիկ Ծառուկյանն, ուղղակի հասկացավ, որ իր բռնած գործը տանում է արյունահեղության: Ինքը հետ կանգնեց, ինքը չուզեց արյուն թափել, ինքը բազմիցս ասում էր`արյան գնով ինձ պետք չի ոչ մի բան»: Ռուստամ Գասպարյանը քաղբանտարկյալներ է համարում Ժիրայր Սեֆիլյանին եւ «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամներին: Նա կողմ չէ, որ մարդիկ դատապարտվեն քաղաքական հայացքների համար, բայց չի էլ ընդունում նրանց արածը`ապրիլի 24-ին անհնազանդության կոչերը, սադրանքները, մանավանդ, որ «այդ օրերին ամբողջ աշխարհն էր ստեղ նստած»: Անկախ քաղաքական հայացքներից, կան բաներ, որտեղ միասնականություն է պետք:
Կարդացեք նաև
Ինչեւէ, Ռուստամ Գասպարյանը կարծում է, որ Սեֆիլյանին ու նրա ընկերներին առաջիկայում ազատ կարձակեն: Իսկ «Ազատամարտիկների դաշինքի» նկատմամբ սպառնալիքներ առայժմ չեն եղել:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ