Մեր տեղեկություններով, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը կտրականապես արգելել է իր լուսանկարները փակցնել կուսակցության տարածքային կառույցների գրասենյակներում, ինչպես գրեթե բոլոր կուսակցություններում է արվում։ Ավանդույթի համաձայն՝ հայաստանյան գրեթե բոլոր կուսակցությունների կենտրոնական եւ տարածքային կառույցների գրասենյակներում փակցնում են կուսակցության ղեկավարի մեծադիր լուսանկարը։
Մեզ հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը հաստատեց տեղեկությունը, նշելով, թե ինքը, որպես ԲՀԿ նախագահ, նպատակահարմար է գտնում, որ կուսակցության թե՛ կենտրոնական գրասենյակում եւ թե՛ տարածքային կառույցների գրասենյակներում փակցվի բացառապես Հայաստանի զինանշանն ու լինեն ՀՀ եւ ԲՀԿ դրոշները։
Ի դեպ, ԲՀԿ խմբակցության սենյակում շարունակում է փակցված մնալ Գագիկ Ծառուկյանի լուսանկարը։ Նաիրա Զոհրաբյանը դա միանգամայն նորմալ է համարում, հիշեցնելով, որ Գագիկ Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահն է։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ