Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Ռեւազյան. «Դատախազի գործունեության նկատմամբ եղե՞լ է միջամտություն»

Ապրիլ 28,2015 12:55

Նախկին գլխավոր դատախազի տեղակալը հիշել է, որ Սողոմոն Քոչարյանի գործով Իրանի դեսպանն է գտնվել նախկին գլխավոր դատախազի մոտ, պահանջելով «պատժի առավելագույն չափ», այլապես. «մեծ սկանդալ կբարձրացնի»

Ցմահ ազատազրկված Սողոմոն Քոչարյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց վերահսկող դատախազ Ենոքյանի բացակայության պատճառով: Նա ուղարկել էր վերաքննիչ քրեական դատարան մի գրություն, որը հրապարակեց դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանը:

Ըստ այդ գրության, դատախազն այսօր նշանակված ժամին, նշանակված օրը գտնվում է մեկ այլ գործով Մալաթիա -Սեբաստիա վարչական տարածքի դատարանում, ուստի խնդրել էր հետաձգել դատական նիստը, գցել մեկ այլ հերթի:

Ցմահ ազատազրկված, նախկին հետախույզ Սողոմոն Քոչարյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռոբերտ Ռեւազյանը (լուսանկարում) չկարողացավ ներկայացնել իր բողոքը:

Նա Aravot.am-ին ասաց, որ բողոքարկելու է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա մարտի 20-ին կայացրած որոշումն ամբողջությամբ:

Ըստ նրա, մեկ տարի առաջ «Հետք» էլեկտրոնային կայքում տպագրվել է «Հետախույզ Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել քաղաքական ճնշմամբ. բացահայտում է դատախազը» վերնագրով հոդված:

Այդ հոդվածում ներկայացված է «Դատախազը» վերապատմումից մի հատված, որտեղ վկայակոչվել է Սողոմոն Քոչարյանին վերաբերող հետեւյալ տեղեկատվությունը. նախկին գլխավոր դատախազի տեղակալ, Գերագույն դատարանում մեղադրանքը պաշտպանած Ժիրայր Խառատյաննն ասել է, թե Սողոմոն Քոչարյանը դատապարտվել է «քաղաքական պատվերի եւ ճնշման արդյունքում» :

«Ցավոք, եղել են այդպիսի դեպքեր: Աշխատում էի դատավճիռների եւ վճիռների օրինականության հսկողության բաժնում, ավագ դատախազ: Մեր գործը Գերագույն դատարանում մեղադրանքը պաշտպանելն էր: Հերթական մի գործի վարույթի ծանոթացումից պարզվեց հետեւյալը. Գորիս-Կապան ճանապարհի ոլորանում դիպուկ կրակոցով սպանվել էր Իրանից եկեղ ավտոմեքենայի վարորդը …պարզվել էր սպանությունը կատարել է Ք-ն (Քոչարյանին նկատի ունի ): Վարույթից բացի պահանջեցի քրեական գործը, եւ պարզվեց, որ սպանություն կատարողը արցախյան պատերազմի ժամանակ հակահետախուզությունում է ծառայել, մասնակցել է մարտական գործողությունների, վիրավորվել է եւ այդ պատճառով անցել է թոշակի»,- հիշել էր դատախազը: Դատախազը նաեւ հայտնել էր, որ զեկուցագիր է գրել, որոշել է հայտնել իր կարծիքը, որ «Սողոմոնն այդ մարդը չէ, որին կարելի է գնդակահարություն պահանջել»:

Սա բողոքաբեր կողմը գնահատել է դատախազի գործունեության նկատմամբ միջամտություն:

Ռոբերտ Ռեւազյանն ասաց. «Դատախազի գործունեության նկատմամբ տեղի է ունեցել միջամտություն: Այսինքն, կատարվել է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածով»:

Ի դեպ, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փաստաբանը տեղեկացրել էր, որ այդ կապակցությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, խնդրելով որպեսզի հարուցվի քրեական գործ, կատարվի քննություն:

2014 թվականի հոկտեմբերի 6-ի գրությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունից նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, վերջինս էլ տասնչորս օր հետո մերժել է քրեական գործ հարուցել: Ինչն էլ բողոքարկվում է դատարանում:

Դատական նիստը նշանակվեց մայիսի 13-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930