Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ բոլոր պատգամավորներն են, որ ցանկանում են կամ կարող են օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 28,2015 12:26

Ազգային ժողովը փաստացի վերածվել է կառավարությանը կից մի մարմնի, որի միակ գործառույթը գործադիրի ներկայացրած օրինագծերը քվեարկելն է։ Մինչդեռ, ըստ Սահմանադրության, պատգամավորները նաեւ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու իրավունք ունեն, որը, փաստորեն, չեն իրագործում։

ԱԺ այս նստաշրջանի օրակարգում ներառված է 271 օրենքի նախագիծ (չենք հաշվում պետական մի քանի մարմնի՝ խորհրդարան ներկայացված հաշվետվություններն ու նախագահականի կողմից ստորագրված ու խորհրդարանի վավերացմանը ներկայացված միջպետական համաձայնագրերը), որոնցից 199-ի հեղինակը կառավարությունն է, այլ կերպ ասած, ԱԺ օրակարգում գտնվող օրինագծերի միայն 26.5 տոկոսն է ներկայացվել պատգամավորների կողմից։

Եվս մեկ ուշագրավ փաստ. հինգերորդ գումարման խորհրդարանի գործունեության ընթացքում, ըստ Parliamentmonitoring կայքի վիճակագրության, օրինագծերի 80 տոկոսը ներկայացվել է կառավարության նախաձեռնությամբ, եւ միայն 20 տոկոսի հեղինակը եղել են պատգամավորները։ Գրեթե նույն պատկերն էր նաեւ նախորդ գումարման ԱԺ-ում. 2007–2012թթ.  ընթացքում խորհրդարան ներկայացված նախագծերի 81 տոկոսի հեղինակը կառավարությունն էր, եւ միայն 19 տոկոսն է ներկայացվել պատգամավորների կողմից։

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը «ՉԻ» հետ զրույցում պնդում էր՝ բնական է, որ խորհրդարան ներկայացված նախագծերի մեծ մասի հեղինակը կառավարությունն է։ «Կառավարությունը գործադիր իշխանություն է, ինքն է պրակտիկ գործընթացների մեջ եւ ինքն է տեսնում՝ որտեղ, ինչ խնդիրներ կան, եւ օգտվելով օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու իր իրավունքից, փորձում է շտկել խնդիրները։ Այնպես որ, այդտեղ պետք չի սենսացիա գտնել»,- մեկնաբանեց Հովհաննես Սահակյանը։

Ըստ նրա, կառավարության՝ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալը գործադիրի համար անուղղակի պարտականություն է, իսկ պատգամավորների դեպքում՝ ոչ։ «Գործադիրը վարչարարական որոշակի գործունեությունից ելնելով է տեսնում օրենսդրական խնդիրները եւ փորձում կարգավորել։ Իսկ ԱԺ պատգամավորը փորձում է ընտրողների հետ իր շփումներից, ընտրողներից ստացած ազդակներից ելնելով ուսումնասիրի, կարդա եւ նոր՝ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գա։ Եվ ոչ բոլոր պատգամավորներն են, որ ցանկանում են կամ կարող են օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, առավել եւս՝ չես կարող ստիպել, որ նման նախաձեռնությամբ հանդես գան»,- մեկնաբանեց Հովհաննես Սահակյանը:

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930