Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանը ՀՀ նախագահներին անվանեց «ԿԳԲ գործակալներ» ու «ազգի դավաճաններ»

Ապրիլ 28,2015 12:11

«Մենք ունեցել ենք ԿԳԲ գործակալ նախագահներ: Առաջինը հենց սկզբից ասում էր, որ մենք Թուրքիային որևէ պահանջ պիտի չներկայացնենք, որ ունենանք լավ հարաբերություններ»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք գո՞հ է պետական մակարդակով Հայոց ցեղասպանության հարցը իրավական մակարդակում ներկայացնելուց և հստակ պահանջներ ձևակերպելուց, այսպես պատասխանեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Շարունակելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին մեղադրանքները, նա ասաց. «ԿԳԲ –ի գործակալը չի կարող հակադրվել Ռուսաստանի կնքած պայմանագրերին: Այդպես այդ նշանավոր ԿԳԲ գործակալը սխալ ուղու վրա դրեց մեր քաղաքականությունը: Նույնիսկ այն դեպքում, երբ Թուրքիան նախապայմաններով էր խոսում Հայաստանի հետ, ոչ մեկը չասաց, որ կան միջազգային պայմանագրեր»:

Այնուհետև անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ նրան անվանելով «ազգային դավաճան». «Դա չի արվել նաև հայության հետ կապ չունեցող Ռոբերտ Քոչարյանի օրոք: Նա երկիրը վաճառել է դրա համար ազգային դավաճան է. գույք պարտքի դիմաց գործարքը երկիրը ծախել էր: Նրան պետք է դատեն»:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին Պարույր Հայրիկյանը հնչեցրեց. «Որքան էլ Սերժ Սարգսյանը քարոզչական լավ աշխատանք տանի, ինքը իրավական հարթության վրա պատրաստ չէր: Նա ընդունեց, որ չպետք է խոսել ցեղասպանության ճանաչման մասին, այլ հետևանքների վերցման մասին: Բայց այդպես էլ միջազգային իրավական հարթությունում չի կարողանում քայլ կատարել: Գազի պարտքի դիմաց ՀՀ-ի ունեցվածքը տալը ցույց են տալիս, որ նա կանգնած է Ռոբերտ Քոչարյանի ճանապարհին»:

Րաֆֆի Հովհաննիսյանին էլ պարոն Հայրիկյանը «խակ» անվանեց. «ՀՀ-ն ՄԱԿ-ի անդամ դառնալիս Րաֆֆի Հովհաննիսյանը խակ էր, ինքն իմ մտերիմն է, բայց ինքը չէր պատկերացնում, բայց Լևոն Տեր-Պետրոսյանն էլ որպես սփյուռքահայի զավակ որևէ վերապահում չունեցավ ու գոնե չասաց, թե այս սահմաններով մտնենք ՄԱԿ, մինչև միջազգային իրավունքի սահմաններով գրենք: Ընդամենը մեկ նախադասություն էր պետք ավելացնել»:

Պարույր Հայրիկյանի կարծիքով՝ ՀՀ իշխանություններն այսօր էլ շարունակում են ցեղասպանության իրագործումը՝ կիրառելով այն ուղղագրությունը, որը ներկայումս կա:

Հայոց ցեղասպանության դեմ պայքարի հարցում Պարույր Հայրիկյանն ունի իր բանաձևը. «Որպես Հայոց ցեղասպանության դեմ պայքարի հետևանքների նվազեցում պետք է զավակներ մեծացնել ու դաստիարակել: Ես ութ զավակ եմ մեծացրել, որոնցից չորսը ինձ հայրիկ են ասում, չորսի կայացմանը նպաստել եմ»:

Aravot.am-ը հնչած մեղադրանքների վերաբերյալ հարցումներ է հղել ՀՀ նախագահների լրատվական ծառայություններին: Պարզաբանումների ստացման դեպքում կհրապարակենք նաև երկրորդ կողմի տեսակետը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930