Հատուցման շուրջ բանավեճի խթանմանը ուղղված ցեղասպանագիտության խորացման նպատակով
Այսօր, Հայ կրթական հիմնարկությունը (ՀԿՀ) հաստատեց իր նոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի անվան ցեղասպանագիտության կրթաթոշակը: ՀԿՀ-ն այս կրթաթոշակը հայտարարել է պրոֆեսոր Հովհաննիսյանի կողմից ամբողջ կյանքի ընթացքում Հայոց Ցեղասպանության ուսումնասիրության գործում անձնական մեծ ներդրումը ճանաչելու նպատակով: Այն նախատեսված է հայազգի տաղանդաշատ երիտասարդ գիտնականների համար, ովքեր նպատակ ունեն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնասիրել ցեղասպանությանը վերաբերող միջառարկայական հիմնախնդիրները՝ մասնագիտանալով այդ ոճրագործության ժխտման տնտեսական, սոցիալ-ժողովրդագրական, մշակութային, իրավական և քաղաքական ասպեկտներում, ինչպես նաև հայ ժողովրդի վրա դրա ունեցած բացասական ազդեցության մեջ:
Այս տարի հայ ժողովուրդը նշում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մինչ օրս, Թուրքիան փորձում է լռության մատնել անցյալը՝ տարաբնույթ մարտավարական հնարքների միջոցով: Մինչդեռ, վերջինս այդ ընթացքում նաև միջազգային տարբեր համաձայնագրերի շրջանակներում շարունակում է օգուտներ քաղել: Փաստացի, այն շարունակում է մերժել Ցեղասպանությունը, այդպիսով՝ չվերացնելով այդ ահռելի հանցագործության հետևանքները:
Ակնկալելով մարդու իրավունքների մերժման ու կորսված ժառանգության վերականգնման գործընթացի նոր փուլի մեկնարկը, անհրաժեշտություն է առաջանում վերաքննության ենթարկել և ընդլայնել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը հակազդող ռազմավարություններն ու մարտավարությունները: Վերջինս ենթադրում է հիմնարար հետազոտությունների ու բանավեճի խորացման շարունակական գործընթաց՝ միտված կորուստների փոխհատուցմանն ու մերժված իրավունքների վերականգնմանը: Հետևաբար, այդ հետազոտությունները պետք է միջոլորտային և համապարփակ մոտեցում որդեգրեն՝ ուսումնասիրելով կորուստների թե պատմական, թե ապագայի ազդեցությունները տարբեր տեսանկյուններից:
Կարդացեք նաև
“Մարդու իրավունքների ամենասոսկալի ոտնահարման ձև հանդիսացող ցեղասպանության գիտահետազոտական ուսումնասիրությունը կարող է մեծապես օժանդակել այս երևույթի առաջացման պայմանների ու դրանց հաջորդող մասսայական բռնությունների ընկալմանը՝ առաջարկելով ցեղասպանության կանխարգելման մարտավարություններ ու միջոցառումներ,” նշում է կրթաթոշակայի հանձնախմբի անդամ Նվարդ Մանասյանը: “Հայոց Ցեղասպանության դեպքում հարկ է մշակել և իրականացնել միջառարկայական հետազոտություններ, որոնք թույլ կտան ճիշտ գնահատել հայ ազգի վրա այս ոճրագործության առաջացրած ժողովրդագրական, տնտեսական, քաղաքական, մշակութային բացասական, հաճախ նաև անդառնալի ազդեցությունը ու ըստ այդմ նաև գնահատել հատուցման ձևաչափն ու ծավալը”:
Այս կրթաթոշակը հնարավորություն կստեղծի ուսումնասիրել մի ամբողջ ազգին պատկանող ժառանգության լայն շրջանակը, ըստ այդմ նաև գնահատելով հատուցման ձևաչափն ու ծավալը, որի արդյունքները կհարստացնեն պետական, դիվանագիտական ու հանրային հարթակներում բանավեճի խորացումը: Հետաքրքրված անհատներն ու կազմակերպությունները կարող են կրթաթոշակի պայմանների մասին լրացուցիչ տեղեկանալ՝ այցելելով ՀԿՀ կրթաթոշակային ծրագրի կայքէջ:
ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ