Այսօր ոչ ոք չի կարող ասել, թե Հայաստանի քաղաքական դաշտում առաջիկայում ինչպիսի զարգացումներ են տեղի ունենալու, մասնավորապես, որ քաղաքական ուժը կամ ուժերն են զբաղեցնելու ընդդիմության թափուր դիրքերը։ Չնայած քաղաքական դաշտը ողողված է իրենց ընդդիմություն հռչակող կուսակցություններով՝ հիմնականում մի քանի հոգուց բաղկացած, սակայն բոլոր նրանք վաղուց իրենց դարն ապրել են, անցած տարիներին հասցրել են մի քանի անգամ վարկաբեկվել։ Այսինքն` Հայաստանի քաղաքական դաշտն այսօր փաստացի չունի ընդդիմություն: Բնականաբար ընդդիմության տեղը երկար ժամանակ թափուր չի մնա, եւ առաջիկայում հաստատ կձևավորվեն նոր քաղաքական ուժեր, որոնք կփորձեն զբաղեցնել ընդդիմության՝ անտեր մնացած դաշտը։
Սակայն մյուս կողմից էլ նոր ձեւավորվելիք ուժերը, որքան էլ ջանան, չեն կարող քաղաքական դաշտում լուրջ դերակատարություն ունենալ, քանի որ նախ նրանք պետք է տեղ զբաղեցնեն, որպեսզի ինչ-որ կերպ գործընթացների վրա կարողանան ազդել եւ իշխանությունների համար լուրջ մրցակից դառնալ։ Իսկ դրա համար հարկավոր են քաղաքական համապատասխան գործընթացներ՝ ընտրություններ։ Միամտություն կլինի կարծել, որ նոր ստեղծվելիք քաղաքական ուժերից որեւէ մեկն ի վիճակի կլինի արտահերթ ինչ-որ գործընթաց նախաձեռնել։ Այսինքն՝ մինչեւ ԱԺ հաջորդ ընտրությունների նախընտրական շրջանը Հայաստանի քաղաքական դաշտում զարգացումները կլինեն իրավիճակային եւ կարճաժամկետ։
Ի դեպ, առաջին հայացքից կարող է թվալ, թե այս իրավիճակից իշխանությունները, իսկ ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանը, ամենաշատն են շահում։ Սակայն ստեղծված վիճակի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այսուհետ Հայաստանի հետ կապված բոլոր զարգացումների համար՝ արտաքին թե ներքին, պատասխանատվությունը կրում է բացառապես Սերժ Սարգսյանը։ Սակայն Հայաստանի քաղաքական կյանքի պատմությունը, իսկ ավելի կոնկրետ՝ 2005-2007 թվականների լճացած վիճակին հաջորդած 2008-ի պոռթկումը, վկայում են, որ ամեն ինչ դեռ առջեւում է։ Ներկա գաղջ մթնոլորտն ընդամենը թվացյալ անդորր է վերահաս փոթորիկից առաջ։
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում