Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԺԿ նախագահ. «Ես չեմ հասկանում թուրքերին եւ մասնավորապես՝ Էրդողանին». «Հայկական ժամանակ»

Ապրիլ 28,2015 10:51

Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ, Ժոզեֆ Դոլը, որն անցյալ շաբաթվա վերջին գտնվում էր Հայաստանում, «ՀԺ»–ին տված հարցազրույցում բավական ուշագրավ ուղերձներ է հղել Հայաստանի քաղաքական շրջանակներին։ ԵԺԿ նախագահը խոսել է ՀՀ-ի եւ արտաքին, եւ ներքին քաղաքականության մասին։

 – Պարոն Դոլ, այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, այնինչ, Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը։ Եվրոպան մեծ ջանքեր է գործադրել հայ-թուրքական հաշտեցման համար, բայց հայ-թուրքական արձանագրություններն այդպես էլ չվավերացվեցին, ԵԺԿ-ի օրակարգում մնո՞ւմ է հայ-թուրքական հաշտեցման հարցը եւ ի՞նչ եք պատրաստվում անել այս ուղղությամբ։

– Ես էլզասցի եմ, ես չգիտեմ՝ դուք ծանո՞թ եք արդյոք Էլզասի պատմությանը. դա մի տարածաշրջան է, որն ապրել է բավականին նշանակալի փոփոխություններ, եղել է շրջան, երբ մենք եղել ենք գերմանացի, եղել է շրջան, երբ մենք եղել ենք ֆրանսիացի, հետո մենք նորից ենք դարձել գերմանացի եւ նորից ենք դարձել ֆրանսիացի արդեն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Բնականաբար, այդ ամենը ուղեկցվել է պատերազմի հետ կապված ամենատարբեր երեւույթներով, եղել է աքսոր, եղել է հավաքագրում գերմանական բանակի կողմից եւ այլն։ Եվ այն ատելությունը, որ կար մեր ընտանիքներում գերմանացիների հանդեպ պատերազմից հետո, իրոք, ահավոր էր։

Եվ ես ձեզ պետք է ասեմ, որ իմ հայրը մինչև իր մահը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո այլեւս ոտք չի դրել Գերմանիա։ Նա մահացել է 5 տարի առաջ։ Այդ ատելությունը, իրոք, գոյություն ուներ, մենք այն ապրում էինք մեր ընտանիքներում։ Բայց կային մարդիկ, ինչպիսիք էին Շումանը, Ադենաուերը եւ մյուսները, որոնք ասացին, որ մեր երեք պատերազմից հետո, որ տեղի են ունեցել Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ, պետք է գա ավարտը։ Ահա թե ինչու սկսեցին հաշտեցման գործընթացը՝ լավ իմանալով, որ Էլզասի բնակչության 80 տոկոսը հանրաքվե անցկացնելու դեպքում դեմ կլինի Գերմանիայի հետ հաշտեցմանը։

Այսինքն՝ իմ սերունդը, իրոք, աշխատել է այդ հաշտեցմանը հասնելու ուղղությամբ, նույնիսկ՝ մեր ծնողների կարծիքին հակառակ։ Բայց նրանք իրենց հերթին մեզ չեն խանգարել՝ դեմ լինելով հանդերձ։

Ահա թե ինչու այսօր ես չեմ հասկանում թուրքերին եւ մասնավորապես՝ Էրդողանին։ Ամեն դեպքում, դա ցեղասպանություն է, դա չի արվել Էրդողանի ձեռքով, եւ ուրեմն, նա պետք է ճանաչի։ Եվ դա այդ նահատակների հիշողությունն է, որը պետք է հանգեցնի այդ հաշտեցմանը, որպեսզի այլեւս նման ոճրագործություններ չլինեն։

Բայց առավոտյան ուսանողների հետ ունեցած հանդիպման ընթացքում ես ասել եմ, որ հաջորդ սերունդը արդեն պարտադիր կճանաչի Ցեղասպանությունը։ Այլ կերպ լինել չի կարող։ Դուք վաղը պետք է աշխատեք Թուրքիայի հետ, նա ձեր հարեւանն է։ Նախեւառաջ՝ պետք է ճանաչել, ներել եւ աշխատել հաշտեցման ուղղությամբ։ Ես չեմ հասկանում, թե ինչու են նրանք մերժում։ Դա լավ չէ ինչպես թուրք, այնպես էլ հայ ժողովրդի համար։ Չի կարելի շարունակել աշխատել այս շարունակական ատելության պայմաններում։ Պետք է կոտրել դա։ Ես ձեզ հետ խոսում եմ որպես այդ ամենը վերապրած մարդ:

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930