Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը դառնում է ծիծաղելի եւ մեկուսացած»

Ապրիլ 27,2015 23:40

Եվրոպական հակառասիստական ԷԳԱՄ կազմակերպությունը ապրիլի 24-ին մասնակցել է Ստամբուլում տեղի ունեցած հիշատակման արարողություններին: Կազմակերպության գործադիր տնօրեն Փոլ Մորին Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ համարում է՝ ցեղասպանության ժխտումը ռասիստական գաղափարախոսության շարունակությունն է. «Ասում են ցեղասպանությունը երկու անգամ է սպանում, առաջինը, երբ մարդկանց է սպանում, երկրորդը սպանում է լռությամբ: Թուրքիան լուռ է մնացել երկար ժամանակ: Ցեղասպանության հարցը ավելին է, քան ռասիզմի հարցը Թուրքիայում»:

Ըստ նրա՝ Թուրքիա պետությունը գնալով ավելի միայնակ է դառնում Հայոց ցեղասպանությունը ժխտելու հարցում: Փոլ Մորինի խոսքերով՝ ամեն տարի ավելի ու ավելի է մեծանում Թուրքիայի այն բնակիչների թիվը, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը եւ խոսում են դրա մասին, սակայն գյուղերում եւ փոքր քաղաքներում մարդիկ չեն մտածում այդ հարցի շուրջ. «Ինչպես նկատում ենք ավելի ու ավելի շատ պետություններ են ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ավելի ու ավելի շատ Թուրքիայի բնակիչներ են ճանաչում Հայոց ցեղասպանությունը, խոսում դրա մասին եւ բացահայտում իրենց արմատները: Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը դառնում է ծիծաղելի եւ մեկուսացած: Կարծում եմ դա երկար չի տեւի, քանի որ այդ ստերը մեծանում են, դրանք աշխատում էին տաս տարի առաջ, բայց այժմ չեն աշխատում»:

Նրա գնահատմամբ՝ 2015 թվականին կազմակերպված Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումները մեծ հաջողություն ունեցան. «Ես շատ տպավորված եմ. Մի քանի պետություններ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, չնայած այն հսկայական ճնշմանը, որը Թուրքիան գործադրում էր: Թուրքիայում ես զգացի, որ հարյուրերորդ տարելիցն էր. Բոլորը գիտեին դրա մասին, բոլորը խոսում էին դրա մասին եւ բոլորը գիտեին, որ Գալիպոլին կատակ է: Քաղաքացիական հասարակությունը կարողացել էր կազմակերպել մեծ միջոցառումներ, երկու տարի առաջ դա հնարավոր չէր կազմակերպել:  Բայց խնդիր կա, թե ի՞նչ է լինելու հաջորդ տարի: Հաջորդ տարի չի լինելու մեդիայի այդպիսի ուշադրություն, այդքան շատ մարդ չի գալու, Քիմ Քարդաշյանը չի գալու, բայց մենք դեռ գործ ունենք անելու»:

Նա համարում է, որ հայ ժողովուրդը նույնպես պետք է գնա եւ մասնակցի Ստամբուլում կազմակերպվող հիշատակման արարողություններին. «Մենք ամեն տարի դա անում ենք, այստեղ դա խնդիր չէ, բայց Ստամբուլում խնդիր է: Թուրք քաղաքացիական հասարակությունը հայ երիտասարդության հետ շփվելու կարիք ունի, այսպիսով` հայ երիտասարդները ապրիլի 24-ին պետք է գան Ստամբուլ եւ մեզ հետ մասնակցեն հիշատակման արարողություններին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930