Ապրիլի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Վաշինգտոնում տեղակայված ԱՄՆ պետական ծառայողների միջազգային միության Կալիֆորնիայի մասնաճյուղի հայկական բաժանմունքի պատվիրակությանը՝ բաժանմունքի ղեկավար Շուշան Բաղբուդարյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին պատասխանատու աշխատակիցներ Ջորջ Մադոյանը, Սիլվա Քեշիշյանը և Անահիտ Հայրիկյան-Մադոյանը:
Տիկին Բաղբուդարյանը նախարար Հրանուշ Հակոբյանին պատմեց իրենց կազմակերպության գործառույթների մասին՝ տեղեկացնելով, որ կազմակերպությունը կոչված է պաշտպանելու աշխատողների իրավունքները և նրանց ձայնը հասցնելու պետական ատյաններին: Կալիֆորնիայի պետական հիմնարկների տարբեր գրասենյակներում աշխատում են ավելի քան 85 հազար ծագումով հայ ծառայողներ, որոնց հետ աշխատանքային հարաբերություններին առնչվող խնդիրների կարգավորմանը զուգընթաց՝ աշխատանքներ են տարվում նրանց ներուժը ազգային հարցերի լուծման ուղղությամբ օգտագործելուն: Նա տեղեկացրեց նաև, որ իրենց պատվիրակությունը Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով, և իրենք չափազանց հուզված ու տպավորված են այն ամենից, ինչի ականատեսը եղան այս օրերին:
Նախարար Հ. Հակոբյանն իր գոհունակությունը հայտնեց հյուրերի գործունեության վերաբերյալ և հորդորեց ուշադրության կենտրոնում պահել հատկապես հայ երիտասարդության խնդիրները, ամեն ջանք գործադրել նրանց Հայաստանին և հայոց լեզվին կապելու համար, բոլոր հնարավոր միջոցներով աջակցել, որպեսզի նրանք առաջընթաց ունենան մասնագիտական և քաղաքական ասպարեզներում: «Կարևոր է նաև նրանց գիտակցության մեջ ամրապնդել Հայրենիքի հզորության գաղափարը», -ասաց նախարարը:
Զրույցի ընթացքում քննարկվեցին նաև Հայաստան-Սփյուռք գործակցությանը վերաբերող այլ հարցեր: