Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Թուրք իրավապաշտպան. «100-րդ տարելիցը շատ կարեւոր է, բայց մեզ համար ամեն ինչ առջեւում է»

Ապրիլ 27,2015 21:15

«Դուրդե» թուրքական հասարակական կազմակերպության խոսնակ Լեւենեթ Շենսեւերը ապրիլի 27-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Հայոց ցեղասպանության հարցը միշտ էլ եղել է «Դուրդե» կազմակերպության գլխավոր խնդիրներից մեկը:

«1915 թվականից մինչեւ 2010 թվականը Թուրքիայում երբեւէ Հայոց ցեղասպանության հիշատակման հետ կապված ոչ մի միջոցառում տեղի չէր ունեցել, եւ առաջին անգամ մենք 2010 թվականին կազմակերպեցինք ամբողջ հասարակությանը հասանելի ցեղասպանության հիշատակման միջոցառումներ: Մենք ամեն տարի իրականացնում ենք այս միջոցառումները, եւ այս տարի արդեն վեցերորդ անգամ էր: Իհարկե՛, ցեղասպանության հիշատակման օրը ապրիլի 24-ին է, սակայն «Դուրդե» կազմակերպության միջոցառումները չեն սահմանափակվում միայն 1 ապրիլի 24-ի օրով, այլ ամբողջ տարվա ընթացքում տարատեսակ միջոցառումներ են իրականացվում՝ Հայոց ցեղասպանության խնդրի հետ կապված»,- հայտարարեց նա:

Նա նկատեց, որ Ստամբուլում ապրիլի 24-ին անցկացված հիշատակման արարողության մասնակիցները ավելի շատ էին, քան իրենք կարող էին պատկերացրել. «Սա շատ կարեւոր զարգացում էր, որովհետեւ տեղական մասշտաբից դուրս եկավ եւ կապեր հաստատվեցին Եվրոպայի եւ սփյուռքի հետ: Ամբողջ օրվա ընթացքում վեցից յոթ հիշատակման միջոցառումներ են տեղի ունեցել»:

Լեւենեթ Շենսեւերն ասաց, որ Թուրքիայի կառավարությունից իրենց պահանջն այն է, որ ընդունի Հայոց ցեղասպանությունը եւ  մարդկանց պահանջներն իրականացնի. «Իհարկե՛, Թուրքիայում տիրում է մերժողական քաղաքականությունը, սակայն միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքը կարող է ազդել դրա մի անկյունի վրա, սակայն պետք չէ մոռանալ Թուրքիայի ներսում գործող հասարակական կազմակերպությունների գործունեության մասին: Եթե կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա տեղի կունենա հասարակական կազմակերպությունների պայքարի արդյունքում: Հարյուրերորդ տարելիցը շատ կարեւոր է, բայց մեզ համար ամեն ինչ առջեւում է: Մենք մեր պայքարը շարունակելու ենք մինչեւ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ներողություն խնդրի, փոխզիջման գնա եւ պահանջներն իրականացնի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930