Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցեղասպանությունը մի անմարդկային երևույթ է, որը բառերով չես կարող ներկայացնել». Յուրգեն Յանկովսկի

Ապրիլ 27,2015 20:48

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայում գերմաներենով լույս է տեսել Եղեռնի զոհ դարձած տասը հայ մեծանուն գրողների՝ Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի և այլոց ստեղծագործությունների ընտրանին, որը կտպագրվի նաև ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն:

«Ափ մը մոխիր». այսպես է կոչվում 500 օրինակով տպագրված անթոլոգիան, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր՝ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:

MHM95416-copy

Գիրքը կազմել և հրատարակության է պատրաստել գերմանացի գրող, հրապարակախոս, հրատարակիչ Յուրգեն Յանկովսկին, որն այս օրերին Հայաստանում է գտնվում՝ «Գրական տապան. ապրիլ» միջազգային փառատոնի շրջանակներում:

«Ես շատ հպարտ եմ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հրավիրված եմ Երևան: Եվ ուրախ եմ, որ ինձ հետ կարողացել եմ բերել երկու գիրք, որոնք լույս են տեսել Գերմանիայում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Յուրգեն Յանկովսկին:

Գրքերից մեկը, ինչպես արդեն նշեցինք, «Ափ մը մոխիր»-ն է, իսկ երկրորդը «Ուրացված-մոռացվա՞ծ» ժողովածուն է, որում տեղ են գտել հայ և գերմանացի աշակերտների շարադրությունները Հայոց ցեղասպանության մասին:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք գերմանացի աշակերտներն ինչպե՞ս են պատկերացնում Հայոց ցեղասպանությունը, Յուրգեն Յանկովսկին պատասխանեց. «Ցեղասպանությունը մի անմարդկային երևույթ է, որը բառերով չես կարող ներկայացնել, և շատ լավ կլինի, որ այս գիրքը կարդան-իմանան, որովհետև այլ կերպ դա փոխանցելը դժվար է»:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը պատմեց, թե ինչպես են հայ և գերմանացի երեխաների շարադրությունները հայտնվել մեկ գրքում. «Հայտարարված մրցույթի շրջանակներում Հայաստանի դպրոցների աշակերտների կողմից գրված լավագույն շարադրություններն ուղարկվել են Գերմանիա, որտեղ նույնպես դպրոցների աշակերտների միջև անցկացվել է շարադրությունների մրցույթ: Արդյունքում՝ լավագույներն ամփոփվել են «Ուրացված-մոռացվա՞ծ» գրքում»:

Հայաստանի գրողների միության նախագահն ուշադրություն հրավիրեց գրքի վերնագրի վրա. «Հարց է տրվում՝ «մոռացվա՞ծ», ինչը նշանակում է, թե ինչպես կարելի է մոռանալ, որը հռետորական հարց է»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930