«Երբեք ինձ թույլ չեմ տա Թուրքիայում հանգստանալ: Երբ ինձ հարցնում են՝ Կարսում եղել ես, ասում եմ, որ չեմ ուզում գնալ իմ երկիր որպես զբոսաշրջիկ. Կամ պիտի որպես երկրի տեր գնամ, կամ՝ ոչ: Հակառակ դեպքում ես գնում եմ զարգացնելու այն երկիրը, որի զգալի մասը ամենաարյունալի ձևով խլել են մեր պապերից ու նույնիսկ ներողություն չեն ուզում խնդրել»,-Aravot.am-ի հարցին՝ համամի՞տ է այն մոտեցմանը, որ պետք է բոյկոտել թուրքական ապրանքն ու Թուրքիայում հանգստանալը, այսպիսի կարծիք հայտնեց «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ֆոնին հակասական է ու մտորելու տեղիք է տալիս այն վիճակագրությունը համաձայն որի՝ 2014-ին Թուրքիայից Հայաստան ներմուծվել է 232 մլն դոլարի արտադրանք` շուրջ 10 տոկոսով ավելի նախորդ տարվա համեմատ: Մյուս կողմից տարեկան 50-70 հազար (միջին վիճակագրական տվյալներ) ՀՀ քաղաքացիներ իրենց հանգիստը կազմակերպում են Թուրքիայում, ուստի ստացվում է, որ մոտ 300 մլն դոլար ենք տարեկան տալիս մեր թշնամի պետությանը: Ու հետո էլ այդ պետությունից պահանջում ենք ներողություն խնդրել, ճանաչել ու հատուցել:
Արմեն Հովհաննիսյանը չի ցանկանում այս հարցում մեղադրել ողջ հայ ժողովրդին, սակայն միևնույն ժամանակ նշում է, որ ցանկացած դոլար, որ մենք ծախսում ենք Թուրքիայի տնտեսության զարգացման համար, հետո այն օգտագործվում է ՀՀ-ի դեմ:
Արմեն Հովհաննիսյանը նշում է, թե հայերը հաճախ սոցիալական խնդիրներից ելնելով են թուրքական ապրանք գնում. «Գնային պատճառներով, արտադրության կոլապսի պատճառով մենք հայտնվել ենք նման իրավիճակում: Բայց ամեն մի դոլար, որ ծախսում ենք Թուրքիայի տնտեսության համար, մեզ մեր նպատակներից ու պահանջներից հեռացնում է: Կարելի է նայել, թե իրենց ՀՆԱ-ի որ մասն է Թուրքիան ծախսում բանակի վրա: Ուղղակի հասարակությանը պիտի ռացիոնալ բացատրել, որ դրանից իր երեխայի ու ընտանիքի անվտանգությունը կարող է տուժել»:
Կարդացեք նաև
Մեր այն հարցին՝ իսկ ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, որ տարբեր պատգամավորներ իրենց շինարարական բիզնեսը ծաղկեցնելու համար էժան գներով թուրքական ապրանք են ներմուծում, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Կա մի մոտեցում, որը համարում եմ նույնիսկ հանցավոր. այն, որ բիզնեսը չի ճանաչում սահման, ապաքաղաքական է, որ շահույթն այդ դեպքում ավելի մեծ է, քան հասցված վնասը: Սա ես համարում եմ սխալ ու անհեռանկար մոտեցում: Բիզնեսը, ընդհանրապես տնտեսությունը պետության գոյության անվտանգության անբաժան մասն է, բոլոր հաշվարկները պիտի արվեն՝ հաշվի առնելով պետության անվտանգությունը»: Արմեն Հովհաննիսյանի կարծիքով՝ այս խնդիրները բխում են նաև նրանից, որ մենք սպառող, «պառազիտիկ» ազգ ենք դարձել: Սա հաղթահարելու դեպքում թուրքական արտադրությունից կախվածությունը շեշտակիորեն կիջնի:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ես դեպք գիտեմ, որ հայ ամուսնական զույգը հիացմունքով խոսում էր, որ մեղրամիսը Թուրքիայի զբոսաշրջաններից մեկում է անցկացրել:
Հայտնի են ռուս-լեհական պատմական բարդ հարաբերությունները, այնուհանդերձ ռուսները չեն իրականացրել լեհ ժողովրդի ցեղասպանություն, նրանցից չեն խլել պատմական հայրենիքը, չեն բռնագրավել նրանց ունեցվածքը: Ռուսաստանի տարբեր նախագահներ ընդունել են Կատինում լեհ սպայականության սպանդը, հրապարակավ ներողություն են հայցել, լեհական կողմին տրամադրել այդ դեպքերի մասին պատմական արխիվներ: Լեհ-ռուսական սահմանը փակ չէ: ԱՅՆՈՒՀԱՆԴԵՐՁ հատուկենտ լեհ կգտնենք, որն իր հանգիստը ցանկանա կազմակերպել ռուսական որևէ քաղաքում: Հետևությունները թողնում եմ իրենց նորապսակներին Անթալիա տոմս գնած հայ ծնողներին:
Իրավացի ես Արմեն ջան։
Հետաքրքիր պատմութիւններ՝
1. Անսալով Հրանուշ Յակոբեանի յորդորները ամառն ուզում եմ Հայաստան այցելել: Տոմսը թուրքական օդանաւով 200€ է, ոչ թուրքականներով՝ 400€: Տարբերութիւնն ո՞վ կարող է իմ փոխարէն վճարել, որպէսզի «թուրքերին չհարստացնեմ»: Շնորհակալութիւն 🙂
2. Տոլմա պատրաստելու համար թուփը գնում ենք թուրքական խանութից: «Թուրքերին չհարստացնելու համար» կարող ենք պատուիրել Հայաստանից: Ո՞վ կարող է առաքման ծախսը վճարել: Շնորհակալութիւն
3. Որոշակի գումարի դէպքում Հայաստանցիների համար մատչելի է հանգստանալ Վրաստանում եւ Թուրքիայում, բայց ոչ Հայաստանում: Սիրով կարող եմ հանգստանալ Հայաստանում: Ծախսի տարբերութիւնն ո՞վ կը վճարի: Շնորհակալութիւն
4. եւ բազում այլ օրինակներ,,
Անկեղծօրէն եմ ասում. գնի տարբերութիւնն իմ փոխարէն վճարէք, ես էլ ձեզ պէս հայրենասէր կը դառնամ: Հակառակ դէպքում դա նշանակում է մարդուն ապուշի տեղ դնել:
Համաձայն եմ: Դրա համար վերադարձեք հայրենիք, որ միասին ստեղծենք էն երկիրը, որտեղից էլ երբեք չենք ձգտի հեռանալ: