Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողը կանչվել էր Քննչական կոմիտե՝ «զանգվածային անկարգությունների» գործով

Ապրիլ 27,2015 19:40

Լրագրող Գոհար Արշակյանն այսօր  ներկայացել էր ՀՀ քննչական կոմիտե՝  ՀԿԳ քննության գլխավոր վարչության ավագ քննիչ Ա. Մակինյանի հրավերով:

Aravot.am-ի հետ զրույցում մեր գործընկերը կիսեց իր առաջին տպավորությունը. «Բարեկիրթ, երիտասարդ քննիչը ներկայացրեց, թե որ գործով եմ հրավիրված և մանրամասնեց իմ իրավունքները: Ի սկզբանե չկիսելով քննիչի տեսակետը՝ գործի բնույթի քրեական լինելը, ես փաստեցի, որ այն միտումնավոր քաղաքականացվել է, որ երբեք խոսք չի հնչել «զանգվածային անկարգությունների» մասին, որ միայն խոսվել է քաղաքացիական անհնազանդության մասին: Ինչն էլ, հավանաբար, սխալ է ընկալվել մեղադրանք առաջադրողների կողմից, քանզի «անհնազանդ» բառն ինքնին շատ անմեղ բառ է և նշանակում է՝ 1. ոչ հնազանդ, ոչ խոնարհ, 2. չենթարկվող, ըմբոստ, 3. փոխաբերական իմաստով՝ անզուսպ, մոլեգին: Ես փաստարկեցի ակադեմիկոսներ Հր. Աճառյանի և Էդ. Աղայանի բացատրական բառարանները, ինչին քննիչը քաջատեղյակ էր»:

Լրագրողը ցուցմունք է տվել եւ ըստ նրա, ընդգծել է, որ «Հիմնադիր խորհրդարանի» և նրա գործունեությանը ծանոթացել է մամուլի հրապարակումներից, կիսում է նրանց տեսակետները, մտահոգությունը՝ մեր երկրի վաղվա օրվա նկատմամբ:

«2014 թ. դարձել եմ Հիմնադիր Խորհրդարանի պատգամավոր՝ նոր ու արդար երկիր ունենալու համար: Իմ 4 էջանոց ձեռագիր ցուցմունքում տեղ-տեղ գրել եմ մեզանում տիրող սոցիալական անարդարության մասին, որ մարդկանցից խլեցին գործազրկության նպաստը, որ հիվանդը նվազագույն միջոցը չունի առողջական խնդիրները հոգալու համար, որ չի կարող երկիրը ժողովրդավար համարվել, եթե անապահով են նրա թոշակառուն և հաշմանդամը, այդուհանդերձ, հայն այսօր իր բնօրրանից փախչում է ոչ թե սոցիալական դժվար պայմաններից, այլ տիրող համատարած անարդարություններից»,- ասում է Գ. Արշակյանը:

Ի դեպ, լրագրողը 151 տարի առաջ իրանահայ դիվանագետ Միրզա Մալքոմ Խանի խոսքն էլ է ունեցել իր մոտ, որից մեջբերում է կատարել: Մասնավորապես. «Վաճառվում են պետական պաշտոնները, շքանշաններն ու կոչումները։ Նահանգները, գավառներն ու նախարարական պաշտոնները վաճառեցին ամեն տեսակի ապիկար մարդկանց, ծախեցին գետերը, հանքերը, երկրամասերը և սահմանները, ամենացածր գնով ծախեցին ժողովրդի բոլոր իրավունքները, երկրի առևտուրն ու պետության անկախությունը և ահա հիմա, արևելյան շուկայի հնավաճառների նման, ծախում են հորինված պետական տիտղոսները, շինծու առանձնաշնորհները կամ պետական կնիքով հաստատված վավերագրերը… Բոլոր երկրամասերը անկում են ապրում։ Ժողովուրդը փախչում է երկրից։ Մեր դպրոցները վեր են ածվել ավերակների… Մեր օրենքները տխմարների հիմար քմահաճույքի արդյունք են։ Բարոյականությունն ընկել է: Մենք զրկվել ենք ունեցվածքից, կյանքի ապահովության համոզվածությունից։ Երկիրն ամբողջությամբ մի բանտ է: Ժողովուրդն իսկապե՞ս մահացել է, որ դուք նրա ժառանգությունն աճուրդի եք հանել․․․ Եթե խելքի չգանք՝ ստիպված կլինենք համբուրել օտար զինվորների կոշիկները»:

Քննիչ Ա.Մակինյանը տվել է հարց մահակների հետ կապված էլ:

Ապա Գևորգ Սաֆարյանի մասին, որի վերաբերյալ մեր գործընկերը հայտնել էր իր տպավորությունը. նա հայրենասեր, հայրենանվեր, ռոմանտիկ երիտասարդ է:

Լրագրողը նաեւ տեղեկացրել է, որ համագործակցում է «Առավոտի» հետ, եւ իրեն քննչական կոմիտե կանչելու մասին պետք է իրազեկի:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գալուստ Ենոքյան says:

    Շնորհակալ եմ Գոհար Արշակյանից իր քաջ Հայուհու կեցվածքի համար, շնորհակալ եմ նայեվ «Առավոտ» թերթին այս ազնիվ հրապարակման առթիվ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930