Մայրաքաղաքի Նալբանդյան 116 հասցեում, որտեղ նախկինում «Հանրապետություն» կուսակցության գրասենյակն էր, այլեւս կգործի նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից հիմնադրվելիք «Ալյանս» կուսակցությունը: Գրասենյակի վրա ցուցանակն արդեն փակցված է: Հիշեցնենք, «Ալյանսի» հիմնադիր համագումարը նախատեսված է մայիսի 16-ին:
Aravot.am-ը Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեց`ի՞նչ միջոցներով են վարձակալել քաղաքի կենտրոնում տեղակայված այդ թանկարժեք տարածքը: «Կարծում եմ, ինձանից լավ գիտակցում եք, թե ի՞նչ է այսօր տեղի ունենում`հայաստանյան քաղաքական դաշտում, փետրվարյան իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակը հաշվի առնելով: Հետեւաբար, շատ ավելի լավ գիտակցում եք, որ հանրային պատվեր, ժողովրդի պահանջ իրականացնող քաղաքական ուժի ձեւավորումն այսօր, մեղմ ասած, վայելում է մեծ պահանջարկ հայաստանյան հանրության մեջ: Մի՞թե այս պարագայում, եթե, իհարկե, համաձայն եք ձեւակերպմանս հետ, բացարձակ երկրորդական կամ երրորդական չեն դառնում նյութական միջոցները»,- հարցն անուղակի շրջանցեց մեր զրուցակիցը:
Հստակեցնող հարցին`ուզում եք ասել, որ գումար տվողները շա՞տ են, նա պատասխանեց. «Ես ուզում եմ ասել, որ երբեւէ, որեւէ մեկը թող հույս չունենա, որ մեր քաղաքական ուժի հենքը, սկիզբը, ընթացքը կարող է լինել փողը: Որեւէ մեկը թող հույս չունենա, որ մենք ընդամենը դրամական միջոցներից կախված քաղաքական կազմակերպություն ենք լինելու»:
Մայիսի 16-ին նախատեսված «Ալյանս» կուսակցության համագումարին իշխող ՀՀԿ-ին հրավերք չի ուղղարկվելու: Հարցին`ՀՀԿ-ի հետ որեւէ համագործակցության հարթակ կտրականապես մերժո՞ւմ եք, Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Ոչ: Կա մի համագործակցության տարբերակ: Երկիրն անարդյունավետ կառավարողները պիտի իրենց տեղը զիջեն առավել արդյունավետ կառավարելու ունակություններ դրսեւորածներին»:
Կարդացեք նաև
Նկատեցինք, որ ժամանակին եղել են ընդդիմադիր ուժեր, որոնք գնացել են այդ ճանապարհով եւ այսօր հայտնվել են քաղաքական լուսանցքում ու հետաքրքրվեցինք`չկա՞ մտավախություն այդ ճակատագիրը կիսելու առումով: «Տվյալ հարցն իմ հետաքրքրությունների շրջանակից դուրս է: Ես հանրային պատվեր իրականացնողներից մեկն եմ`ճիշտ այնքան, այն չափով ու ծավալով, որքանով հանրության մեջ կա քաղաքական այսինչ կամ այնինչ գործունեության եւ կուրսի պատվեր: Ճիշտ այդքանով ես այն իրականացնում եմ»
Իսկ «Ալյանսի» ծրագրային դրույթներում նախատեսվում են սոցիալական ամբողջական փաթեթի ապահովում`առողջապահություն, կրթություն, բնակարանային ֆոնդ, սոցիալական պաշտպանվածություն ու արդարություն: Դրան հասնելու ճանապարհը, ալյանսականները տեսնում են, տնտեսության համակարգման մեջ. «Ազատ շուկայի եւ սոցիալիստական ուղղվածության հատկանիշներից է պետության վճռորոշ եւ որոշիչ դերակատարումը մի շարք ոլորտների կարգավորման մեջ: Մասնավորապես, մենաշնորհային դիրքը ռազմավարական նշանակության օբյեկտներում»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ