Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանն էլ դիմելով վերաքննիչ դատարանի երեք դատավորներին ասաց. «Քննիչը, հսկող դատախազը ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալն է, իսկ առաջին ատյանի դատավորն էլ դառավ տարվա լավագույն դատավոր: Հիմա դուք եք, սիրելիներս: Եթե դուք կգնանք խղճի դեմ, խնդրեմ կայացրեց համապատասխան որոշումը: Պարգեւատրումն անխուսափելի կլինի»: Հետեւեց դատավորներից մեկի հարցը՝ իսկ փաստաբանները առաջ չե՞ն քաշվել:
«Բանդայի գործով» տուժողները, որոնք բարձրաստիճան պաշտոնյաններ են, չեն ներկայանում:
2011 թվականին վնասազերծվեց մի խումբ, որի անդամներին բանդիտիզմի հոդված առաջադրվեց: Մեկը վնասազերծման ժամանակ սպանվեց, մեկը մահացավ դատական քննության ժամանակահատվածում, մեկի գործն առանձնացվեց, եւ փորձագետները դեռ չեն կարողանում ասել՝ ի վիճակի է մասնակցել, գիտակցել այն, ինչ կատարվում է:
«Բանդայի գործով» բժիշկ Ջինանյանի տան վրա իրականացված գողությունը վերագրվում է ամբաստանյալ Սամվել Մանուկյանին: Ըստ պաշտպանի՝ Ռաֆիկ Սաֆարյանի. «Ջինանյանի տան վրա հարձակվելու նախապատրաստությունը, նման օբյեկտ գոյություն չունի: Ջինանյանը հայտարարեց, որ ինքը բժիշկ չի եղել, չի ճանաչում Արթուր Մանուկյանին, նրա ընտանիքի անդամները հայտարարեցին, որ չեն ճանաչել իմ պաշտպանյալին:
Կարդացեք նաև
Մանուկյանն ասաց, թե իրեն ստիպել են, սուտ է ասել, թե իբր աղջկա է տարել հղիությունն ընդհատելու, այդ ժամանակ էլ տեսել է տունը, հնարավոր է հափշտակություն կատարել: Չի ճշտվել, թե ում տան վրա պետք է կատարվեր»:
Կարեն Հակոբյանը հանդես եկավ չորս պաշտպանների անունից, մի քանի միջնորդություններով, որոնք մերժվեցին:
Խոսքը Ամառանոցային 20 տանը խուզարկություն կատարելու մասին էր:
Խուզարկության համաձայն առգրավվել էր այդ տնից մեծաքանակ զենք ու զինամթերք: Ըստ Կ. Հակոբյանի, անհրաժեշտ է, որպեսզի դատարան կանչվեն վկաներ Լիլիա Հովհաննիսյանն ու Հայկ Հակոբյանը, քանի որ ըստ նրա, նրանք կարող են էական նշանակություն ունեցող տեղեկություններ հայտնել խուզարկության ժամանակ ոստիկանության մեծաքանակ աշխատակիցների գործողությունների մասին, ամբաստանյալների սահմանադրական, դատավարական խախտումների վերաբերյալ:
Ի դեպ, առաջին ատյանի դատարանն այս միջնորդությունը մերժել էր:
Խուզարկության արձանագրության հետ կապված Կ. Հակոբյանն ասաց, որ մեղադրանքի կողմի այս երկու վկաները դատաքննության ընթացքում չեն հարցաքննվել:
Վիճարկվում էր խուզարկության անցկացման ժամի, եւ նույն ժամին դատական նիստ անցկացնելու մասին հարցը. «վարույթում բացակայում է դատական նիստի արձանագրությունը»:
Նշվեց, որ խուզարկություն կատարելու մասին արձանագրության մեջ որեւէ գրառում չկա որպես մասնակից նշված Հայկ Հակոբյանի դատարանի որոշմանը ծանոթացնելու մասին:
23.09.2011թ. խուզարկության արձանագրության ձեւաթղթում չնայած նշվել էր, թե ընթերականերին բացատրվեցին նրանց իրավունքներն ու պարտականությունները, սակայն բացակայում են նրանց ստորագրությունները: Պաշտպանական կողմը միջնորդեց, որպեսզի ընթերականները դատակոչվեն:
Խոսք եղավ նաեւ ամբաստանյալներին ռետինե մահակներով խոշտանգելու մասին: Այն մասին, թե ինչպես է Դավիթ Գալստյանը մասնակցել դեպքի վայրում քննչական փորձարարությանը, երբ քայլել չի կարողացել, իսկ նրան ուղեկցել են դիմակավորված անձինք:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 4-ին: Միջնորդությունները չեն ավարտվել, բայց սպասվում է, որ հենց այդ օրն էլ դատարանը կկայացնի իր որոշումը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ