Այսօր՝ ապրիլի 27-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ «Գոհարը»՝ Հայաստանի աստղեր հետ» երեւանյան համերգի DVD սկավառակի շնորհանդեսը: Համերգը նվիրված է եղել Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրվան եւ տեղի էր ունեցել 2011թ. մայիսի 28 ին, Ազատության հրապարակում՝ «Գոհար» համույթի եւ հայ էստրադային երգիչների մասնակցությամբ:
Այսօր կայացած միջոցառման ընթացքում, որ նախաձեռնել էր Գոհար Խաչատրյանը, ցուցադրվեց մի ֆիլմ՝ նվիրված մաեստրո Սեպուհ Աբգարյանի հիշատակին: Վերջինս երկար տարիներ ղեկավարել է «Գոհար» սիմֆոնիկ նվագախումբը:
Հանձնվեցին շնորհակալագրեր ու մեդալներ բոլոր նրանց, որոնք ակտիվ մասնակցություն էին ունեցել բացառիկ համերգին:
Հավելենք, որ «Գոհար» սիմֆոնիկ նվագախումբը հիմնադրվել է լիբանահայ Հարութ Խաչատրյանի կողմից 2000 թ.-ին եւ այդ անունն է կրում հիմնադրի մայրիկի՝ Գոհարի պատվին:
Մինչև 2014 թ. համույթը ղեկավարել է կիպրոսցի Սեպուհ Աբգարյանը, որը միաժամանակ հանդիսանում էր նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը։ Այսօր նվագախմբի կազմում են շուրջ 150 երաժիշտներ, 12-15 երգիչ-մեներգիչներ, 15 պարողներ։
Ի դեպ, «Գոհարը» Հայաստանի աստղեր հետ» երեւանյան համերգի կազմակերպչական աշխատանքներում մեծ դեր է ունեցել մեր գործընկեր Արամ Հարությունյանը: Հենց նա էլ Անդրեի փոխարեն ստացավ երգչի մրցանակը, քանի որ Անդրեն գտնվում էր արտերկրում: Ի թիվս այլոց, Արամ Հարությունյանն էլ պարգեւատրվեց՝ համերգի կազմակերպումը լավագույնս իրականացնելու համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ