Այսօր ԱԺ նիստում Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ կան բժշկական հաստատություններ, որոնք 7-8 տարեկան երեխաների համար չեղած հիվանդության պատմություններ են նախապատրաստում՝ բանակից ազատելու ամբողջական փաթեթն ունենալու համար. «Որովհետեւ հույս չունեն, որ իրենց հայրն այդ ընթացքում կդառնա բարձրաստիճան պաշտոնյա կամ կունենան այդքան գումար՝ վճարելու եւ բանակից ազատելու համար»:
ՀՀԿ պատգամավոր,ԱԺ առողջապահության, մայրության, մանկության եւ Արա Բաբլոյանը Նաիրա Զոհրաբյանից պահանջեց, որ այդ հիվանդանոցների անունները իրենց տրամադրի. «Տիկին Զոհրաբյան, կներեք, բայց Դուք հստակ ներկայացրեք մեր հանձնաժողովին, թե որ հաստատություններն են եւ որ դեպքերն են, որոնք երեխաներին շինծու գրանցում են»:
Ըստ Բաբլոյանի, օրենքն այնպիսին է, որ թույլ չի տա, որ շինծու, սարքած թղթերով երեխան ազատվի բանակից: Եթե ծնված օրից էլ նման թղթեր սարքեն, կա հանձնաժողով. «Որեւիցե թղթով մենք չենք կարող երեխային ազատել բանակից: Եթե կան այդպիսի դեպքեր, խնդրում եմ, ներկայացրեք, մենք կանդրադառնանք դրան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ