Լրահոս
Օրվա լրահոսը

«7-8 տարեկան երեխաների համար չեղած հիվանդությունների պատմություններ են պատրաստում՝ բանակից ազատելու»

Ապրիլ 27,2015 18:00

ԱԺ-ում քննարկվում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Օրենքը տարածվում է 1992-ի աշնանից մինչեւ 2013-ի դեկտեմբերի 1-ը զինծառայություն չանցած քաղաքացիների վրա, իսկ կառավարությունն առաջարկում է, որ ժամկետը երկարաձգեն եւ այն տարածվի մինչեւ 2014-ի դեկտեմբերի 31-ը զինծառայությունից խուսափածների վրա, որպեսզի 27 տարեկանը լրացածները կարողանան համապատասխան վճարումները, տույժ-տուգանքները կատարել եւ խնդիրը կարգավորել:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ չեն կարող դեմ լինել օրենքի նախագծին. «Միգուցե իրոք արժե բարձրացնել շեմը, որովհետեւ ինձ հանդիպել են դեպքեր, երբ բանակից խուսափելու համար իրենց երիկամների մեջ այնպիսի հակաթույներ են ներարկել, որպեսզի կարողանան բժշկական հանձնաժողովներով ոչ ենթակա ծառայության համար ճանաչվեն»:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ բողոքեց, որ առանց բացառության բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների երեխաները բանակում «ջերմոցային պայմաններում» են ծառայում, եթե, իհարկե, ծառայում են. «Ես առաջարկում եմ այս խնդրին իրապես անդրադառնալ, որովհետեւ սա լուրջ սոցիալական դժգոհության պատճառներից մեկն է»:

Էդմոն Մարուքյանը համաձայնեց Նաիրա Զոհրաբյանի հետ՝ առաջարկելով, որ ոչ թե ուսումնասիրեն, թե 8 տարի առաջ ով ոնց է ծառայել, այլ տեսնել, թե հենց հիմա ով ոնց է խուսափում ծառայությունից:

Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ «Չեմ ցանկանում թվարկել այն հիվանդանոցների անունները, որտեղ ես գիտեմ, թե հիմիկվանից 7-8 տարեկան երեխաների համար ինչպիսի դոսյեներ, հիվանդության չեղած պատմություններ են նախապատրաստում՝ բանակից ազատելու ամբողջական փաթեթն ունենալու համար, որովհետեւ հույս չունեն, որ իրենց հայրն այդ ընթացքում կդառնա բարձրաստիճան պաշտոնյա կամ կունենան այդքան գումար՝ վճարելու եւ բանակից ազատելու համար»:

Էդմոն Մարուքյանն էլ իր կողմից հավելեց, որ վերջին շրջանում սահմանում տասնյակ զինվորներ են զոհվել թշնամու գնդակից եւ սոցցանցերում քննարկվում է, որ այդ զոհվածներից ոչ մեկը գոնե միջին սոցիալական պայմաններում չի ապրում, բոլորը ծայրահեղ աղքատ ընտանիքների երեխաներ են. «Այդ հարցը քննարկման առարկա է դարձել: Չեմ հասկանում, այն ասացվածքը իրականացե՞լ է, որ ասում են՝ հայրենիքը աղքատինն է միայն պատերազմի ժամանակ»:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը միջամտեց՝ ասելով, որ պետք չի ամեն ինչ այդքան սեւ գույներով ներկայացնել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Գոնե պրն Շարմազանովը լռի, քանի որ բանակում չի ծառայել։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930