Լրահոս
Օրվա լրահոսը

Ահա թե ինչ պիտի ասեր դատախազին «Բանդայի գործով» պաշտպանը

Ապրիլ 27,2015 18:15

Վերաքննիչ քրեական դատարանում ընդհատվել էր նախորդ դատական նիստը, քանի որ դատական նիստերի դահլիճում լսվեցին արտահայտություններ, որոնք դատախազը գնահատեց վիրավորական:

Դատարանը նախազգուշացրեց ամբաստանյալներին, իսկ նիստերի դահլիճից դուրս հրավիրվեց մեկը, որը տեսել էր հանգուցյալ Արման Դալլաքյանին  ոստիկանությունում ինչպես են խոշտանգել:

Դատախազն այսօր չէր եկել, եւ Aravot.am-ին հետաքրքրում էր, թե ինչ հայտարարություն պիտի աներ պաշտպանը:

Ռ. Սաֆարյանն ասաց, որ իր պաշտպանյալին՝ Արթուր Մանուկյանին մեղադրանք չի առաջադրվել ավազակային հարձակման համար: Այլ մեղադրանք է առաջադրվել՝ բանդայի կազմում հարձակումներին մասնակցելու համար:

«Որոշման մեջ չի նշված, թե իմ պաշտպանյալը որ օբյեկտի վրա է հարձակվել: Ում տան, ու վրա է հարձակվել, երբ, ինչ է տարել: Գործով անցնող չորս ամբաստանյալների վրա կար մեղադրանք, ճիշտ է, սխալ, դա այլ հարց է: Բայց կա մեղադրանք, որ հարձակվել է տուժողների տների վրա… Իմ պաշտպանյալի նկատմամբ, չնայած դատավճռում արձանագրված է, որ Դավթյանի, մյուսների հետ մասնակցել է հարձակումների, բայց չի նշված, նման մեղադրանք իր համար չկա: Ստացվում է, որ մարդը հարձակում է կատարել բանդայի կազմում, իսկ ավազակային հարձակումը դա ավարտված հանցագործություն է, ոչ թե նախապատրաստություն, սակայն մեղադրանք չկա: Նման դեպք չկա: Նման մեղադրանք չկա նախաքննական մարմնում, սակայն առաջին ատյանի դատարանը նրան դատապարտեց տաս տարվա ազատազրկման: Որը գտնում եմ՝ ակնհայտ սխալ է»,-ասաց Ռ .Սաֆարյանը:

Նա նաեւ դատախազին պիտի ասեր, որ «բանդայի կազմում ավազակային հարձակումներին մասնակցելու հոդվածով» արդարացման դատավճիռ պիտի կայացնի:

Քանի որ նման դեպք գոյություն չունի:

«Քրեական գործով պարզված է, որ չորս տուժողների վերաբերյալ հանցագործությունը կատարվել է մինչեւ 2011 թվականի սեպտեմբեր ամիսը, մինչդեռ, իմ պաշտպանյալը նույնիսկ Հայաստանի հանրապետությունում չի գտնվել, հետեւաբար, նա չէր կարող մասնակցել: Ինչ երեւակայական հանցագործության մասին է խոսքը, որի համար տաս տարի են տալիս, մեզ համար անհայտ է»,-հավելում է Ռ. Սաֆարյանը:

Վերաքննիչ դատարանից հետազոտման ժամանակ պաշտպանը խնդրել էր ցույց տալ այն ապացույցները, որոնք կվկայեն, որ  մասնակցել է ավազակային հարձակման, ինչ-որ օբյեկտից ինչ-որ բան է հափշտակել:

«Դատախազը նույնիսկ մի բառով չանդրադարձավ իմ պաշտպանյալի գործողություններին, ըստ երեւույթին նա մտածում է, որ սա ակնհայտ է, բայց ինքը կաշկանդված է»,-ասաց պաշտպանը եւ առաջարկում է հրաժարվել մեղադրանքից:

Ի դեպ, նրա պաշտպանյալը միջնորդություններից մեկի քննարկման ժամանակ, որը վերաբերում է հայտնաբերված զենքի վրա իր մատնահետքին, ասաց. «Ես ձախլիկ եմ մինչ օրս: Զենքը, որը հայտնաբերվել է, չկա մի ընթերակա, որը կասի իմն է, որ իբր ես եմ կրակ բաց արել ոստիկանության աշխատակիցների վրա»:

Նկատենք, որ զենքի վրա հայտնաբերված մատնահետքը վերաբերում էր աջ ձեռքին: Իսկ ամբաստանյալ Սամվել Դավթյանն ասաց, որ «հարամ արին» ջուր խնդրեցին, իրականում չթողեցին խմել, իրենց մատնահետքը շշի վրայի հետքն էր ապակուց վերցրած»:

Ամբաստանյալներից երեքը հասցրեցին ինչ- որ բան ասել, իսկ Արտուշ Հակոբյանը չհասցրեց ասել, նրա մոտ կար գրավոր տեքստ, որը, հավանաբար, կհրապարակի հաջորդ դատական նիստին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930