ԱԺ-ում քննարկվում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Օրենքը տարածվում է 1992-ի աշնանային զորակոչից մինչեւ 2013-ի դեկտեմբերի 1-ը զինծառայություն չանցած քաղաքացիների վրա, իսկ կառավարությունն առաջարկում է, որ ժամկետը երկարաձգեն եւ այն տարածվի մինչեւ 2014-ի դեկտեմբերի 31-ը զինծառայություն չանցածների վրա, որպեսզի 27 տարեկանը լրացածները կարողանան համապատասխան վճարումները, տույժ-տուգանքները կատարել եւ խնդիրը կարգավորել:
Հանձնաժողովի տեսակետը ներկայացնելիս ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ 10 տարի է օրենքի ժամկետը երկարաձգում են, բայց հետախուզվողների թիվը չի նվազում: Ուստի հանձնաժողովում բուռն քննարկում է եղել՝ երկարաձգե՞լ ժամկետը, թե՞ խնդրին հիմնավոր լուծում տալ. «Մենք մարդկային ռեսուրսի լուրջ կարիք ունենք՝ աղջիկների ամուսնանալուց սկսած՝ մինչեւ ծնողների գերեզման գնալու, ընդհանրապես հայրենիք գալու հետ կապված լուրջ խթան է հանդիսանում օրենքը: Մյուս կողմից, ՊՆ-ի հատուկ հաշվին վճարվել է մոտ 800 մլն դրամ: Բայց մյուս մոտեցումն այն է, որ մենք ինչ-որ բան փոխենք օրենքում: Օրինակ, սահմանված գումարը նվազեցնենք, կամ ժամկետ սահմանենք, որ այսինչ ժամկետը մինչեւ ովքեր եկան եւ վճարեցին գումարը, կարող են Հայաստանում կարգավորել իրենց խնդիրները: Ոչ թե 800 մարդ հետ կգա 10 հազար հետախուզվողներից, այլ ավելի շատ մարդ»:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ կա նաեւ հակառակ կարծիքը, որ գումարը ավելացնեն, որ ինչ-որ կերպ պատժեն զինվորական ծառայությունից խուսափածներին: Կոնկրետ ինքը՝ պարոն Մարուքյանը մտավախություն ունի, որ եթե գումարը բարձրացնեն, ընդհանրապես հնարավոր է չգան. «Քննարկումների արդյունքում հանձնաժողովը որոշում է կայացրել այս պահին նախագծին տալ դրական եզրակացություն, բայց ձեւավորել աշխատանքային խումբ եւ քննարկել բազմաթիվ առաջարկների հարցը , որ հետագայում խնդրին լուծում տան»:
Էդմոն Մարուքյանը անեկդոտ պատմեց՝ թեմայի հետ կապված. «Փոքր նավակում 3 տեղ է լինում, բայց 4 մարդ, այնպիսի բանաձեւ են տալիս լուծելու, ասենք՝ 600 մլն-ը բաժանիր չգիտեմ քանի միլիոնի, որ մարդը չի կարողանում լուծել եւ ասում է՝ ախպեր ջան, հենա ասեք տեղ չկա նավակում: Հիմա այստեղ է, մենք չպիտի այնպիսի լուծումներ տանք, որ մարդիկ մտածեն՝ մենք չենք ուզում գան Հայաստան: Մենք ուզում ենք, որ գան»:
Կարդացեք նաև
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը կողմ էր, որ գումարը բարձրացվի, խիստ պատժվեն, որ այնպես չլինի, թե բանակից խուսափել են, հետո էլ մի փոքր գումար տան ու հանգիստ մնան: Էդմոն Մարուքյանն ասաց, որ գնահատականը պարզ է՝ դա քրեորեն հետապնդելի արարք է, բայց կան երեխաներ, որ 5-6 տարեկանում ծնողների հետ գնացել են եւ ընկել քրեական հետախուզման տակ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ