Ապրիլի 27-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մոտ հրավիրվել էր խորհրդակցություն Դիլիջանի տարածաշրջանի խոշորացման ծրագրի մեջ ընդգրկված համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Ներկա էր նաև մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Քննարկվեցին համայնքների խոշորացման ծրագրի և այդ նպատակով առաջիկայում նախատեսված տեղական հանրաքվեի հետ կապված հարցեր: Մարզպետը մեկ անգամ ևս վստահեցրեց, որ ՀՀ կառավարության կողմից առաջարկվող այս գործընթացը ամբողջ աշխարհում ընդունված է որպես ինքնակառավարման համակարգի զարգացման լավագույն տարբերակ: Խոշորացված համայնքում կառավարումը շատ ավելի արդյունավետ կլինի և ակնկալվում է, որ կապահովի համաչափ զարգացում բոլոր բնակավայրերում , քանի որ հնարավորություններն ավելի են ընդլայնվում: Այս ծրագիրը նաև հնարավորություն կտա բավականին խոշոր միջազգային ներդրումներ ներգրավել համայնքներում, ինչը թույլ կտա մեզ տեղերում աշխատատեղերի ստեղծման խնդիր լուծել,- նշեց մարզպետ Հովիկ Աբովյանը: Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը մեկնաբանություններ տվեց խոշորացվող համայնքի ղեկավարի ընտրության և համայնքի ավագանու ձևավորման հարցերի հետ կապված:
Համայնքների ղեկավարները կարևորեցին ծրագրի վերաբերյալ տեղեկատվական նյութերի առկայությունը: Դրանց միջոցով շատ ավելի հեշտ կլինի ապահովել մարդկանց տեղեկացվածությունը գործընթացի վերաբերյալ:
Տավուշի մարզպետարան