Լրահոս
Օրվա լրահոսը

Հայի համար թշնամին առաջին հերթին թուրքն է, ադրբեջանցին, հետո` հայը (Տեսանյութ)

Ապրիլ 27,2015 16:52

Ինչ կփոխվի հայ եւ թուրք ժողովուրդների հոգեբանության մեջ, եթե Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Aravot.am-ի այս հարցին ի պատասխան, հոգեբան Խաչատուր Գասպարյանն ասաց, որ երկու ժողովուրդները կսկսեն իրար մեջ լավ բաներ փնտրել, գտնել. «Կսկսեն մշակութային փոխանակումներ անել, գնահատել մեկը մյուսին, կլինեն պատմություններ, թե ինչպես է թուրք ընտանիքը օգնել հայ ընտանիքին: Այնպես, ինչպես նշանվելուց հետո 2 ընտանիքներն իրար ամենալավ կողմերով են հանդես գալիս: Դա կլինի նոր հարաբերությունների սկիզբ: Գիտեք, երկար տարիներ Իսրայելում գերմանական մեքենաներ չեն մտել, արժանապատվության հարց է եղել, իսկ մեզ մոտ աջ ու ձախ թուրքական ապրանքներ են»:

Հոգեբույժ Ռիտա Սուլահյան-Կույումջյանն էլ ասաց, որ անգամ Գերմանիայի փոխհատուցումից հետո, շատ հրեաներ հրաժարվում են գերմանական ապրանքներ գնել:

Պարոն Գասպարյանը տիկին Սուլահյան-Կույումջյանի` «Խելագարության ակունքներում». Կոմիտաս գրքից մի մեջբերում արեց. «Կոմիտասի 300 հոգանոց երգչախմբի համերգից առաջ Պոլսո մեր պատրիարքը գնացել է թուրք անվտանգության մարմինների մոտ եւ ասել `զգուշացեք, հայկական ազգային երգեր են երգելու: Սա 1914 թվականին է եղել, ցեղասպանությունից 1 տարի առաջ, այսինքն`մենք ներսում խնդիրներ ունենք»:

Այսօր «Հայացք» մամուլի ակումբում հոգեբան Խաչատուր Գասպարյանը «Ցեղասպանության պատճառած հոգեբանական տրավմայի միջսերնդային փոխանցման» թեմայով կատարած իր գիտական աշխատությունից որոշ տվյալներ ներկայացրեց: Պարոն Գասպարյանն ասաց, որ ուսումնասիրությունն ամբողջությամբ ամփոփված չէ, սակայն նախնական տվյալներով` թշնամի բառի առաջին ասոցիացիան թուրքն է: Թուրքը, ըստ մասնագետի, որոշ դեպքերում զուգորդվում է ադրբեջանցու հետ. «Այսինքն շատերի մոտ թուրքը կամ ադրբեջանցին թշնամի է: Սա պատմական հիշողություն է: 2-րդ դեպքում թշնամի նշվում է ինչ- որ մի երկիր, իսկ 3-րդ դեպքում` թշնամի է նշվում հայ մարդը, իշխանությունները»:

Մանրամասն`տեսանյութում

Պարոն Գասպարյանն ասաց, որ Ցեղասպանության մասին հիշողությունները նման է մի ընտանեկան գանձի, որը սերնդեսերունդ է փոխանցվում: Ընդ որում, ըստ մասնագետի, հենց Ցեղասպանություն վերապրածները շատ քիչ էին այդ մասին խոսում հաջորդ սերնդի հետ, նրանք այն պատմում էին իրենց թոռներին, ընտանիքի հարսին, կամ մեկ այլ անձի:

Գասպարյանի խոսքերով` «Խնդիրն այն է, որ մենք նոր սերնդին չփոխանցենք տրավմայի այն կետը, որը կարող է նրա մեջ առաջացնել վրեժխնդրության եւ զոհի ծայրահեղ զգացողությունը: Ցեղասպանությանը հերքումը Թուրքիայի համար նաեւ վտանգավոր է, վնասակար է»

Հոգեբույժ Ռիտա Սուլահյան-Կույումջյանի խոսքերով` կարեւոր է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից հետո ինչպիսի փոփոխություններ պիտի տեսնենք, որ ամեն մարդու առիթ տրվեց վերանայելու եղածը: Թուրքիայի կողմից Ցեղասպանության ընդունումից հետո, շատ-շատ թուրքեր առաջին հերթին մտածելու են, ըստ տիկին Սուլահյան-Կույումջյանի, որ իրենց ներկայիս ունեցվածքը պիտի հետ վերադարձվի: Բացի այս, ըստ մասնագետի, նաեւ երիտասարդ սերնդի հոգեբանության մեջ էլ բան կփոխվի, իմանալով, որ իրենց սիրելի պապիկները մարդասպան են եղել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930