Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստանում գտնվող Արգենտինայի Դաշնային դատավոր Նորբերտո Օյարբիդեն Ապրիլի 27-ին հյուրընկալվեց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանին:
Գոհունակություն հայտնելով, որ պարոն Օյարբիտեն Արգենտինայում զբաղվում է նաեւ հայոց ցեղասպանության հարցերով՝ Գ. Հարությունյանը տեղեկացրեց, որ Իրավաբանների համահայկական խորհրդաժողովին առընթեր ստեղծվել է ցեղասպանության իրավական հիմնախնդիրների ուսումնասիրման հետազոտական կենտրոն՝ ի մի բերելու այդ ուղղությամբ կատարված աշխատանքները եւ նախապատրաստելու հայոց ցեղասպանության իրավական հարցերի հնարավոր միջազգային թղթածրար:
Պարոն Օյարբիդեն տեղեկացրեց, որ Հայաստանում գտնվելով՝ նոր տեղեկություններ ու նոր փաստեր է ձեռք բերել, որոնք լրացնում են իրենց հավաքածը եւ Արգենտինայի հայ համայնքի տրամադրած շատ արժեքավոր տեղեկությունները: Արդեն 12 հազար փաստաթուղթ է հավաքված, եւ դրանում շատ մեծ է հայ համայնքի ներդրումը: Նա կարեւորեց այդ աշխատանքները, շեշտելով, թե դրանք ինչ դրական հետեւանքներ կարող են ունենալ ամբողջ Լատինական Ամերիկայում հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացում:
Նորբերտո Օյարբիդեն, որպես Դաշնային դատավոր, Արգենտինայի հայազգի քաղաքացի Գրեգորեո Հայրապետյանի ներկայացված հայցի հիման վրա ցեղասպանության վերաբերյալ գործ է քննել ու որոշում կայացրել, որով հաստատել է, որ թուրքական պետությունը 1915-1923 թվականների ընթացքում ցեղասպանության հանցագործություն է կատարել հայկական բնակչության դեմ:
Կարդացեք նաև
Այդ որոշման էլեկտրոնային տարբերակը նա հանձնեց պարոն Հարությունյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ հայ-արգենտինական կապերի հետագա ընդլայնման հարցեր:
ՍԴ մամուլի ծառայություն