Բեռլինում տարիներ շարունակ ապրող հայը գնահատում է այստեղ կատարվող վերջին իրադարձությունները
Հայոց ցեղասպանության հիշատակման օրվան ընդառաջ՝ ակնհայտ թուրքամետ քաղաքականություն վարող Գերմանիայի դիրքորոշումը փոխվեց: Այս երկրի օրենսդիր մարմինը որոշեց Օսմանյան կայսրության կողմից իրականացված դեպքերն անվանել ցեղասպանություն եւ այն դատապարտող բանաձեւ ընդունել, երկրի նախագահ Յոահիմ Գաուկն էլ Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջացառման ժամանակ 1915 թվականի եղածը իր անունով կոչեց՝ ցեղասպանություն:
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում արդեն 11 տարի բնակվող Լիլիթ Քոչարյանը, որն ակտիվորեն մասնակցում է այստեղ կազմակերպվող հայկական միջոցառումներին, ինքն էլ երբեմն նախաձեռնում է միջոցառումներ, «Kamurdsch-Brucke e.V.» հայ հիվանդներին եւ հիվանդանոցներին աջակցող բարեգործական կազմակերպության համահիմնադիրներից է, «Առավոտի» հետ զրույցում նշում է, որ Գերմանիայի քաղաքականության վերջին փոփոխություններն իր համար էլ անակնկալ էին: Ասում է, որ մինչեւ վերջին շաբաթը հույս էլ չկար, որ Հայոց ցեղասպանությունը Գերմանիայի իշխանությունները կընդունեին:
Կարդացեք նաև
Պատմում է, որ հայկական համայնքները ամեն տարի կազմակերպում են Հայոց ցեղասպանությունը հիշատակող եւ պահանջատիրությունը ներկայացնող միջոցառումներ, որոնք սովորաբար երկու բնույթի են լինում՝ եկեղեցական եւ քաղաքական տեքստերով ուղեկցվող: Ըստ Լիլիթ Քոչարյանի՝ այս տարի արդեն գերմանական կողմը ակտիվություն դրսեւորեց Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված միջոցառումներում, դրանցից հատկապես տպավորիչը Բեռլինի Գորկու քաղաքական թատրոնում ցուցադրված «Մուսա լեռան քառասուն օրը» ներկայացումն էր:
«Կարծում եմ, որ իրադարձությունների այսպիսի շրջադարձի վրա նաեւ մեծ ազդեցություն ունեցավ Վատիկանում՝ Հռոմի պապի մատուցած պատարագը: Իսկապես չէի մտածում, որ Գերմանիայի քաղաքականության մեջ ինչ-որ բան կփոխվեր: Ամեն տարի մենք հանրահավաքներ ենք անում, ամեն տարի տարբեր միջոցառումներ ենք կազմակերպում, բայց ոչ մի անգամ ուշադրության չենք արժանացել, որեւէ գերմանական լրատվամիջոց դրանց չի անդրադարձել: Շատ նեղ խումբ է այստեղ տեղյակ հայկական թեմաներից, այն էլ այն մարդիկ, որոնք ինչ-որ կապ ունեն հայերի հետ կամ էլ մասնագիտությամբ պայմանավորված՝ հետաքրքրված են խնդրով: Եթե Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում մարդիկ գոնե ինչ-որ բան գիտեն Հայոց ցեղասպանության մասին, ապա Գերմանիայում այդպես չէր, հայկական համայնքները այսքան ժամանակ որեւէ հնարավորություն չեն ունեցել իրազեկելու»,- ասում է Լիլիթ Քոչարյանը: Նշում է, որ այս տարի Հայաստանի դեսպանատունն էլ որոշակի ներդրում ունեցավ այս հարցում՝ գումար, միջոցներ, ժամանակ եւ թիմ ուներ: «Մինչ այդ դեսպանատունը սովորաբար լինում էր համայնքների ոչ պրոֆեսիոնալ կազմակերպած միջոցառումների հյուրը»,- ասում է նա:
Գերմանիայի քաղաքական դիրքորոշման փոփոխությունը Լիլիթ Քոչարյանը դիտողի հայացքով մեկնաբանում է. «Մեր շնորհիվ չէ, որ այսպես եղավ: Մինչեւ հիմա մենք միջոցառումներ կազակերպում էինք, սակայն ոչնչի չէինք հասնում, հիմա էլ մենք չէինք: Կարծում եմ՝ տեղի ունեցածը նաեւ աշխարհում զարգացող իրադարձությունների հետեւանքով է. Սիրիայում պատերազմ է, Թուրքիան աջակցում է ԻՍԻՍ-ին, եւ իհարկե՝ այս տարի 100-ամյակն էր, ինչ-որ ձեւով պետք է նշանավորվեր, եւ ես նաեւ շատ կարեւորում եմ Վատիկանում տեղի ունեցածը»:
Գնահատելով հայկական համայնքների ներգրավվածությունը հայ-գերմանական քաղաքականության ստեղծման հարցում՝ մեր զրուցակիցը նկատում է, որ Գերմանիայի հայկական համայնքների հիմքը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Թուրքիայից թուրքերի հետ միասին, որպես թուրք, որպես աշխատողներ, ծպտված հայերն են եղել. «Հետո արդեն նրանք ասել են, որ հայ են, սովորել են հայերեն: Այստեղի հայերը մի փոքր հեռու են պահում իրենց քաղաքական իրադարձություններից, չեն փորձում խառնվել»:
Լիլիթ Քոչարյանը խոստովանում է, որ ամենամեծ թուրքական համայնք ունեցող Գերմանիայում հայերի եւ թուրքերի միջեւ ակնհայտ լարվածություն եւ բախումներ չեն լինում, յուրաքանչյուրն այստեղ ապրում է իր կյանքով: «Այստեղ նրանք ունեն մի քանի քաղաքական գործիչներ. մեծամասնությունն, իհարկե, պաշտպանում է թուրքական ժխտողականությունը, կարծես նրանք Թուրքիայի «հինգերորդ շարասյունը» լինեն Գերմանիայում՝ այստեղ Թուրքիայի շահերը ներկայացնողը: Դա, իհարկե, մեծ խնդիր է Գերմանիայի համար, բայց վերջինս այդ շանտաժներին հաճույքով ենթարկվում է: Կան նաեւ թուրք մտավորականներ, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, կոչ են անում իրենց եղբայր թուրքերին նույնը անել: Նրանք միշտ միանում են մեզ, երբ ցույցեր ենք անում Թուրքիայի դեսպանատան մոտ: Բայց, իհարկե, դա թուրք ինտելեկտուալների փոքր խումբ է, որոնք Թուրքիայից արտաքսված մասսա են, իրավունքի պաշտպաններ են»: Լիլիթ Քոչարյանը կարծում է, որ ապագայում լարվածություն գուցե լինի երկու ազգերի միջեւ. «Հիմա ռադիկալացման գործընթաց է գնում: Գերմանիայում արդեն ռադիկալ իսլամիստների խումբ է ձեւավորվում, Բեռլինում էլ արդեն կան, օջախ են բացել այստեղ: Գուցե դրանց ազդեցության տակ նաեւ թուրք ազգայնամոլական տրամադրություններ առաջանան: Իսկ մինչ այս թուրքերն այստեղ իրենց կյանքով ապրող, մեծ մասամբ չկրթված, ցածր դասակարգի ներկայացուցիչներ էին, որոնք հետաքրքրված չէին քաղաքականությամբ»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարները՝ Լիլիթ Քոչարյանի
«Առավոտ» օրաթերթ
25.04.2015
Այ Հռիփսիմ ջան, գրածդ նյութը շատ հետաքրքիր էր, բայց այդ վերոնշյալ իրադարձությունների ժամանակ մասնակցել են միայն հայ համայնքի ներկայացուցիչները?
Ինչու Ձեր գրած հետաքրքիր նորության մեջ չեք նշում ասորիների մասնացությունը: Ես նկատում եմ ասորական դրոշը: Միթե դժվար էր նաև այդ հիշատակել?
Շնորհակալություն
Հարգելի Արամ,
շնորհակալություն արձագանքի համար: Իրականում նյութը պատրաստելիս ինձ համար կարեւոր էր Գերմանիայում ապրող հայի տեսակետը՝ Գերմանիայի քաղաքականության փոփոխության վերաբերյալ, որն էլ փորձել եմ ներկայացնել: Այս նյութով նպատակ չունեի Գերմանիայում կազմակերպված միջոցառումների, դրանց մասնակցողների մասին գրել: Առաջիկայում նախատեսում եմ անդրադառնալ նաեւ այս օրերին շարունակվող միջոցառումներին եւ իհարկե այդտեղ կներկայացնեմ, թե ինչ ազգեր են մասնակցում Հայոց ցեղասպանությունը դատարապտող միջոցառումներին: